Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում այսօր նախատեսված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 2 քաղաքացին էլ ձերբակալվել են: Այս…
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում այսօր նախատեսված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 2 քաղաքացին էլ ձերբակալվել են: Այս մասին Auroranews.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու։ Բնակիչների և իրավապահների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին: Նա և ևս մեկ անձ բերման էին ենթարկվել։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժման համար բերված տեխնիկան հեռացել էին տարածքից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով»,- հայտնեցին ՔԿ-ից:
Նշենք նաև, որ Auroranews.am-ը կապ էր հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ։ Նրա խոսքով՝ ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի և բնակիչներին լրացուցիչ ժամանակ տրվի՝ իրենց կացության հարցը լուծելու համար։