Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրվում են Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները, հայտնել է ANCA-ն։
Նախաձեռնության հեղինակներն են Փարիզի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF)։
Ցուցադրությունը կոչված է հրավիրելու Բաքվում պահվող հայերի ճակատագրի հանրային ուշադրությունը և հիշեցնելու Արցախի քաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալությունների մասին։
Փարիզի քաղաքապետարանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովն ավելի վաղ բանաձևերով պահանջել էին հայ գերիների ազատ արձակումը, իսկ 2023 թվականին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելել էր Հայաստան՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։
CCAF համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է, որ դիմանկարներն Արցախի պատմության և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են։
«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- արձագանքել է նա։
CCAF մյուս համանախագահ Արա Թորանյանն ընդգծել է, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ։
«Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,- նշել է նա։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ, Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին 2025 թվականի հոկտեմբերին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտին հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր, սահմանել անհետ կորած անձի կարգավիճակը և ամրագրել նրանց ու ընտանիքների անդամների իրավունքները։
