Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիայի լիակատար իշխանության տակ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը տեղի է ունենում հենց այս տրամաբանության շրջանակում։ Այս մասին այսօր տեղի ունեցածմամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է իր ծննդյան օրը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախի 4 նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԱԾ մեկուսարանում։
«Իրականում այս գործը քաղաքական է։ Սա պատահական չէ, որովհետև այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Բոլորը պետք է իրենց հարց տան՝ ընտրություններից հետո, երբ կա ձևավորված իշխանություն, ի՞նչ կարիք կա Ռոբերտ Քոչարյանի կալանքի տանել։
Ակնհայտ է, որ առաջիկայում Հայաստանին և հայ ժողովրդին լուրջ փորձություններ են սպասվում»,- ասաց Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Տիգրանաշենի հնարավոր հանձնումը, նույն այն Տիգրանաշենի, որը, պատգամավորի խոսքով, Փաշինյանի թեթև ձեռքով մեկ օրում դարձավ «Քյարքի»։
Ըստ նրա՝ հերթի մեջ են նաև Սահմանադրության փոփոխությանը և Անկախության հռչակագրին հղում չկատարելը։
«Այս նպատակով Փաշինյանը փորձում է քաղաքական դաշտից չեզոքացնել հիմնական դերակատարներից մեկին։ Դրա համար ենք ասում, որ սա քաղաքակն հարց է։ Քանի որ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել թուրքական ենթակայության տակ և թշնամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է, հետևաբար նա պետք է չեզոքացվի»,- ասաց Աննա Գրիգորյանը։