Ալիևի հետ հանդիպում է տեղի ունենում. Փաշինյանի խոսնակը լուսանկար է հրապարակել

Ալիևի հետ հանդիպում է տեղի ունենում. Փաշինյանի խոսնակը լուսանկար է հրապարակել


 

Sputnik. Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին այս տարվա փետրվարին Աբու Դաբիում:


 


Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։


 


Սպասվող հանդիպման մասին ավելի վաղ գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։


 


Հարությունյանը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել. նա միայն լուսանկար է հրապարակել։


 


Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:


 


Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:


 


Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:


 


Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment