«Բարոյական դեգրադացիա կամ իրավական դեբիլիզմ»․ Քոչարյանի ուղերձը կալանավայրից

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից մեկնաբանել է իրեն առաջադրված քրեական մեղադրանքը։

Նրա խոսքով՝ հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակում։ Քոչարյանն անհիմն է անվանել մեղադրանքը՝ նշելով, որ նման քայլի համար անհրաժեշտ է կա՛մ բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ ենթարկում Ադրբեջանի դատաիրավական համակարգին։

«Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»,- նշել է նա։

Նախկին նախագահի պնդմամբ՝ իշխանությունները Հայաստանը ներքաշել են վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում։

«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները»,- շեշտել է նա։

Քոչարյանի խոսքով՝ հայ ժողովուրդը կարծես թե կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը, հասարակությունը պառակտված է, վախի մթնոլորտ է ձևավորվել։

«Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում»,- շեշտել է նա։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3-ի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նույն վարույթով «Այգեձոր» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Արամայիս Ոսկանյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Քոչարյանը վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել, դեռ ձերբակալվածի կարգավիճակում նրան Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել էին հիվանդանոց, օգոստոսի 26-ին՝ դատարան, կալանքի քննության ընթացքում նորից հիվանդանոց տանելու որոշում էր կայացվել։  

Քննության վարկածով՝ 1998-2008 թվականներին Քոչարյանը, մի շարք անձանց հետ հանցակցությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է՝ պետական գույքն իրեն, իր հետ փոխկապակցված անձանց և ընկերություններին արտոնյալ պայմաններով, այդ թվում՝ շուկայականից էապես ցածր գներով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու համար։

Leave a Comment