Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Հորդանանում գտնվող երկու ամերիկյան ավիաբազաների, հայտնում է Mehr-ը։
Իրանական կողմի տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել Հորդանանի հյուսիսում՝ Ալ Մաֆրաք քաղաքի մոտ գտնվող Հուսեյն թագավորի անվան ավիաբազան և Ալ Ազրաք քաղաքում տեղակայված Մուաֆաք ալ Սալթի ավիաբազան։
Հորդանանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը օգոստոսի 31-ի վաղ առավոտյան որսացել և ոչնչացրել են Հորդանանի օդային տարածք ներթափանցած ութ հրթիռ։ Նրա խոսքով՝ հրթիռները ոչնչացվել են մինչև քաղաքացիների կամ գույքի համար վտանգ ստեղծելը։ Զոհերի, վիրավորների կամ նյութական վնասների մասին պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում։
Իրանական կողմը գործողությունն անվանել է պատասխան Իրանի Լարաք կղզու դեմ իրականացված օդային հարվածին։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Իրանի դեմ յուրաքանչյուր նոր հարված կարժանանա ավելի կոշտ պատասխանի։
Միաժամանակ Փեզեշքիանը, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մեկնելուց առաջ, հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն անգործության չի մատնվի ագրեսիայի դեպքում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում անկայունությունը չի բխում որևէ երկրի շահերից և մարտահրավերներ է ստեղծում բոլոր պետությունների համար։ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել համատեղ աշխատել անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության ապահովման ուղղությամբ։
Reuters-ի տվյալներով՝ Մուաֆաք ալ Սալթի ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության 332-րդ օդային էքսպեդիցիոն թևը, որն առաքելություններ է իրականացնում Լևանտի տարածքում։ Հուսեյն թագավորի անվան ավիաբազայում գործում է ավիացիոն քոլեջը, որտեղ իրականացվում է օդաչուների և թռիչքային հրահանգիչների պատրաստում։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոշոր ռազմական օբյեկտներ կան նաև Քաթարում, Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում։ Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազան տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազան է և ծառայում է որպես ԱՄՆ կենտրոնական հրամանատարության առաջատար շտաբ։
