ԱՄՆ-ի Մեծ Կիրճ կամ (Գրանդ Քանյոն) ազգային պարկում հանկարծակի առաջացած ջրհեղեղից հետո շուրջ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Հզոր ջրի հոսքը Կոլորադո գետ է տարել խոշոր քարաբեկորներ, մետաղական կառույցներ և տարբեր տեսակի բեկորներ՝ պատճառելով զգալի ավերածություններ։
Իշխանությունները կոչ են արել բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն շաբաթ օրը կեսօրին Բրայթ Էնջել կիրճում և Ֆանթոմ Ռանչի շրջանում գտնվող զբոսաշրջիկների մասին, կապ հաստատել ազգային պարկի վարչակազմի հետ։
Ավելի վաղ հայտնի զբոսաշրջային գոտուց տարհանվել էր առնվազն 62 մարդ։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ բարձրությունների մեծ տարբերություն ունեցող տարածքում ընդամենը կես ժամվա ընթացքում տեղացել է 0,5-ից 1 դյույմ (մոտ 13–25 մմ) տեղումներ։ Ջրհեղեղը վնասել է նաև կիրճի ներքին հատվածի ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրատարը, որը պարկը խմելու ջրով է ապահովում։
