31.08.2026 | 11:47
Իմ շունը կարողանում է մեկ ցատկով անցնել մոտ 2 մետր բարձրության պարիսպը, բայց գերադասում է կանգնել պարսպի վրա ու բարձր հաչել’ վախեցնելով մարդկանց։ Իհարկե, անցորդները հաճախ բողոքում են, թե շունը կարող է անցնել պարիսպը և իրենց հոշոտել, բայց ես գիտեմ, որ շունս թեպետ կարող է, բայց այդպիսի բան չի անի, որովհետև նրա ենթագիտակցության մեջ դրված է կոդը’ չի կարելի, տերը կպատժի։
Եթե շունը գիտակցեր, որ ինքը կարող է ավելին անել, քան իրեն թույլ է տալիս տերը, միանշանակ կանցներ պարիսպը և կհոշոտեր այն մարդկանց, ովքեր վերջերս հարձակվել էին տանս վրա և փորձում էին առևանգել ինձ դարպասի մոտից, բայց շունս ներսում էր և գիտեր, որ չի կարելի պարսպից ու դարպասից դուրս գալ։
Թեպետ ճիշտ չէ համեմատություն անելը, բայց այդպիսի կոդեր են դրվում նաև ժողովուրդների ենթագիտակցության ու հոգեբանության մեջ։
Բոլորն էլ գիտեն, որ ազգը կարող է ուղղակի ոտքի կանգնել ու ոտնատակ տալ թշնամուն, բայց քանի որ ասված է, թե մենք պարտված ենք և պիտի ենթարկվենք թշնամու կանոններին, ապա մարդիկ հենց այդ հոգեբանությամբ շարժվում են։
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ