Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուքև Ձեր ընտանիքի անդամները»,– ասված է հեռագրում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Կարդացել են
1 անգամ