Օգոստոսին Իտալիայի հարավում գտնվող թանգարանից անհայտ անձինք գողացել են Վերածննդի դարաշրջանի նկարչի աշխատանքները․ կողոպուտը քննիչներին փակուղու առջև է կանգնեցրել։ Այժմ նրանք ուսումնասիրում են թանգարանի աշխատակիցների հնարավոր ներգրավվածության և հանցագործների «պրոֆեսիոնալ պատրաստվածության» վարկածները, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Սիցիլիայի Մեսինայի տարածաշրջանային թանգարանից (Museo regionale Accascina Messina, MuMe) գողացել են Վերածննդի դարաշրջանի նկարիչ Անտոնելլո դա Մեսինայի չորս աշխատանքները։ Դա տեղի է ունեցել Ֆերագոստոյի (Տիրամոր Վերափոխման տոնի) տոնակատարության ժամանակ, երբ քաղաքում ընթանում էր «Լա Վարա» երթը։
Պոլիպտիխի հինգ վահանակներից և մեկ երկկողմանի նկարից գողերը տարել են աշխատանքների միայն մի մասը։ Երկու վահանակ նրանք թողել են փողոցում՝ թանգարանի կողքին։ Գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 70-80 միլիոն եվրո։
Հանցագործները կտրել են ցանկապատը և կողային դռնով, որը պաշտպանված չէր ազդանշանային համակարգով, մուտք են գործել շենք։ Տեսահսկման տեսախցիկների տվյալներով՝ գործողությունը տևել է ընդամենը մի քանի րոպե։
Այժմ ոստիկանությունը ստուգում է Սիցիլիան և մայրցամաքային Իտալիան բաժանող նեղուցով արագընթաց նավակով հանցագործների հնարավոր փախուստի վարկածը։
The Guardian-ը նշում է, որ քննության ընթացքում մի շարք հարցեր են առաջացել։ Մասնավորապես, պարզ չէ, թե ինչպես են հանցագործներն իմացել, որ իրենց ընտրած դուռն ապահովված չէր տվիչներով։
Հարցեր կան նաև ազդանշանային համակարգի աշխատանքի վերաբերյալ։ Ամենաարժեքավոր ցուցանմուշի՝ «Սան Գրեգորիո» պոլիպտիխի ազդանշանային համակարգը միացել է, սակայն անվտանգության աշխատակիցը, նախնական տվյալներով, անտեսել է ահազանգը՝ այն կեղծ համարելով։
Քննիչների ուշադրության կենտրոնում է նաև գործողության արագությունը։ Ծանր վահանակների ապամոնտաժումը մի քանի րոպեում կարող էր պահանջել ցուցափեղկերի կառուցվածքի ճշգրիտ իմացություն։
Պարզ չէ նաև, թե ինչու են հանցագործները երկու արժեքավոր աշխատանք թողել թանգարանի մոտ։ Արվեստաբան Լելիո Բոնակորսոյի խոսքով՝ վահանակները «լքված» չեն եղել, այլ զգուշորեն տեղադրվել են, ինչը, նրա գնահատմամբ, չի համապատասխանում սովորական կողոպուտի տրամաբանությանը։
Մեսինայի գլխավոր դատախազը չի բացառում մաֆիայի մասնակցությունը․ Սիցիլիայում արվեստի նմուշների խոշոր հափշտակումներն ավանդաբար կապում են կազմակերպված հանցավորության հետ։ Իր հերթին, Art Recovery International-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Մարինելոն կարծում է, որ քննությունը պետք է ուսումնասիրի նաև թանգարանի աշխատակիցների հնարավոր ներգրավվածությունը։ «Անվտանգության համակարգերի նման ճշգրիտ շրջանցման դեպքում թանգարանի աշխատակիցների հնարավոր հանցակցության հարցն առաջնային է»,- պնդում է փորձագետը։
Գողացված աշխատանքների վաճառքը սև շուկայում ծայրահեղ բարդ կլինի, ինչը քննությանը հիմք է տալիս դիտարկելու նաև պատվերով գողության կամ փրկագին պահանջելու վարկածները։
