Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները, հայտնում է IRNA-ն։
Ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը հայտարարել է, որ սահմանային տերմինալում առկա խնդիրների լուծումը պահանջում է մշտական վերահսկողություն և գերատեսչությունների միջև համակարգված աշխատանք։
Ֆորուզանը նշել է, որ առևտրային և տարանցիկ ընթացակարգերի պարզեցման համար անհրաժեշտ է հրաժարվել չհամաձայնեցված որոշումներից, կրճատել բեռնատար տրանսպորտի պարապուրդի ժամանակը և բարձրացնել մաքսային ծառայությունների որակը։
Նա նաև ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման և մաքսային ձևակերպումների պարզեցման անհրաժեշտությունը «Նորդուզ» անցակետում՝ տարածաշրջանի տարանցիկ ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար։
«Նորդուզ» անցակետը միակ ցամաքային սահմանային անցումն է Իրանի և Հայաստանի միջև և ռազմավարական դեր է խաղում ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրում, նշել է պարբերականը։
