Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտվի այս հանդիպումից, որպեսզի ևս մեկ անգամ ներկայացնի մեր փաստարկները։ Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը», – Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Նշելով, որ ռուսական կողմն առաջարկում է այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ համապատասխան դիրքորոշում են որդեգրել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները՝ Աստանայում վերջերս կայացած գագաթնաժողովում ընդունելով համապատասխան հայտարարություն։
«Հենց այդ մասին էլ կխոսվի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնեն՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Ուշակովի խոսքով՝ Հայաստանի եվրոպական կողմնորոշման հարցը հանդիպման թեմաներից մեկը կլինի։ Կանդրադառնան նաև Հայաստանում տեղի ունեցող «ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալություններին»։
Բիշքեկում կայանալիք բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առաջին հանդիպումը կլինեն Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Հուլիսի 27-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Հայաստանի կառավարության տվյալներով՝ կողմերը քննարկել էին հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտում առաջացած խնդիրները։
