Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 750-ի, ավելի քան 3 հազար մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է CNN-ը։
Չինաստանում անհետ կորածների ցուցակում 546 մարդ է, Նեպալում՝ 2498, որոնցից 589-ն օտարերկրացիներ են։ Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ դեռևս չի հաջողվել գտնել 23 երկրի 261 քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանի 3, Նեպալի 104, Հնդկաստանի 49, Լատվիայի 33, ԱՄՆ-ի 18 և Մեծ Բրիտանիայի 15 քաղաքացու։
Նեպալում անհետ կորածների թվում է նաև տարբեր հիդրոտեխնիկական նախագծերում ներգրավված 930 աշխատող։ Տրիսուլի գետի շրջանում աշխատողները ստորգետնյա թունելներում արգելափակվել են։ Փրկարարները ծանր տեխնիկայով մաքրում են փլատակները և հորատանցքեր բացում, որպեսզի թունելներ օդ ու լույս ներթափանցի, ինչպես նաև հնարավոր լինի մարդկանց սնունդ փոխանցել։
Նշվում է, որ օգոստոսի 30-ի առավոտյան Տրիսուլի գետում ջրի մակարդակը կրկին բարձրացել է՝ քշելով ափամերձ հատվածները։ Փրկարարական աշխատանքներին միացել են Չինաստանից և Հնդկաստանից ժամանած խմբերը։
Սելավի հետևանքով տարհանվել է նաև Նեպալի հետ սահմանին գտնվող չինական «Գիրոնգ» սահմանային անցակետի մերձակայքի անձնակազմը։ Ավելի վաղ ջրհեղեղը քանդել էր անցակետի կամուրջն ու շինությունները։
Ջրհեղեղն սկսվել էր օգոստոսի 26-ին՝ վնասելով Նեպալի հյուսիսային և Չինաստանի սահմանամերձ շրջաններին։ Առավել տուժած շրջաններից է Նեպալի Ռասուվան։
Նախնական տվյալներով՝ հանկարծակի ջրհեղեղի պատճառը կարող էր լինել երկրաշարժի հետևանքով առաջացած սառցադաշտային փլուզումը։ Սառցադաշտային զանգվածների փլուզմանը հաջորդել է սելավը, ինչի հետևանքով ջրի հզոր հոսքեր են առաջացել Լհենդե Խոլա գետում՝ Նեպալ-Չինաստան Ռասուվագադի սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։
