Արցախի Հաթերք գյուղից՝ Զեյթունի ակումբ. առողջ երկարակեցության ճանապարհով. «Երկրորդ շնչառություն»

Գրեթե 60 տարի միասին. սիրով ու համերաշխ, հինգ երեխաների, տասը թոռների ու վեց ծոռների գլխին Էդուարդ Իսկանդարյան և Ֆաթմա Եսայան սիրառատ զույգն այսօր էլ իրար հենված ու ապավինած ամեն շաբաթ այցելում է Առողջ երկարակեցության Զեյթունի խումբ։

«Վարժություններ ենք կատարում հիշողության համար, հիշելն ամենակարևոր գործերից մեկն է։ Վարժությունները տանն էլ եմ կրկնում: Հետո նոր բաներ ենք սովորում, երկու խմբում էլ միայն կանայք են, միակ տղամարդը ես եմ, բայց ես գնում եմ ամեն շաբաթ, որովհետև ինձ շատ լավ են ընդունում»,— պատմում է 90-ամյա պարոն Էդուարդը: Կենսաբանական տարիքից նա իրեն մի փոքր երիտասարդ է զգում, չնայած հաղթահարած փորձություններին՝ լավատես է և հույս ունի, որ վերադառնալու է հայրենի Արցախի Հաթերք:

Տիկին Եսայանը հպարտությամբ պատմում է իր բազմազավակ ընտանիքի մասին, շնորհակալությամբ հիշում ամուսնու ծնողների օգնությունն ու անվարան պնդում՝ իրենց ամեն հաջողության ակունքում ընտանիքի աջակցությունն է եղել: Կեսդարյա փորձառությամբ մաթեմատիկայի ուսուցչուհին ասում է, որ գոհ է իր ապրած կյանքից ու անցած ուղուց: «Մարդը եթե ապրում է, պիտի առողջ ապրի ու բեռ չդառնա իր երեխաների համար, մարզանքներ անի, բժիշկների խորհուրդները լսի»,- բացատրում է տիկին Եսայանը:

Leave a Comment