Իսլանդիայում Եվրամիությանն անդամակցությանը դեմ հանդես եկող ուժերը հանրաքվեում առայժմ առաջատար են՝ չնչին տարբերությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝, որոնք «RUV» մեդիաընկերությունը հրապարակել է օգոստոսի 30-ի գիշերը՝ քվեաթերթիկների գրեթե 60%-ի հաշվարկից հետո, կառավարության՝ Եվրամիության հետ բանակցությունները վերսկսելու առաջարկին կողմ է քվեարկել ընտրողների 47,5%-ը, իսկ դեմ՝ 52,5%-ը։ Քվեաթերթիկների 0,6%-ը ճանաչվել է անվավեր։ Ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ դեռևս չկան։
Իսլանդիան Եվրամիությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի ճգնաժամից հետո, սակայն 2013 թվականին, երբ իշխանության եկավ եվրոսկեպտիկ կառավարություն, բանակցությունները դադարեցվեցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքները, Ուկրաինայում պատերազմը, ինչպես նաև գնաճի աճն ու բարձր տոկոսադրույքները շատ իսլանդացիների ստիպել են վերանայել իրենց վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցությանը դեմ դիրքորոշումը շարունակում է պահպանել առավելությունը, հատկապես ձկնորսության ոլորտում, որն առանցքային նշանակություն ունի երկրի համար։
Եվրոպական ինտեգրմանը կողմ ուժերի հաղթանակի դեպքում Բրյուսելի հետ կկնքվի համաձայնագիր, որից հետո կանցկացվի նոր հանրաքվե՝ Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։
Թեև Իսլանդիան Եվրամիության անդամ չէ, այն ընդգրկված է Շենգենյան գոտում և Եվրոպական տնտեսական տարածքում։ Վերջինս ստեղծվել է 1994 թվականի հունվարի 1-ին և նախատեսում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժ։