Երևանում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ – armeniatoday.am

Երևանի Բագրատունյաց պողոտայում օգոստոսի 30-ին հինգերորդ հարկի պատշգամբը փլուզվել է չորրորդ հարկի պատշգամբի վրա, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ երկու մարդ՝ Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն,  տեղափոխվել են հիվանդանոց։ 

Ըստ աղբյուրի՝ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացել են ժամը 09։05-ի սահմաններում։ Դեպքի վայրում պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի 10 հասցեի թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա։

Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ տուժածներին բարձրացրել են թիվ 62 բնակարան, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Շենքի բնակիչները լրատվամիջոցին հայտնել են, որ պատշգամբների վատ վիճակի խնդրով բազմիցս դիմել են Շենգավիթի թաղապետարան։ Նրանց խոսքով՝ պատշգամբները հիմնանորոգելու փոխարեն իրականացվել են միայն արտաքին հարդարման աշխատանքներ։

«Բազմիցս դիմել ենք թաղապետարան։ Միայն գալիս, նայում են ու ասում, թե մի բան կանեն»,- պատմել են բնակիչները՝ նշելով, որ խնդիրը երկար ժամանակ չի լուծվել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել։ 

Leave a Comment