Թուրքիան կորցնում է մատչելի զբոսաշրջային ուղղության իր կարգավիճակը. Bloomberg

Bloomberg-ը հաղորդում է, որ Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքի անկում է գրանցվել կառավարության արժութային քաղաքականության պատճառով արձակուրդային ծախսերի կտրուկ աճի ֆոնին: Մշակույթի և տուրիզմի նախարարության տվյալներով՝ արտասահմանյան զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մայիսին նվազել է 3.6 %-ով, հունիսին՝ 4 %-ով, իսկ հուլիսին՝ 0.3 %-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ: Եվրոպացի զբոսաշրջիկների շրջանում անկումը հատկապես նկատելի է. հուլիսին Մեծ Բրիտանիայից ժամանողները տարեկան կտրվածքով նվազել են 11 %-ով:

Մասնագետները լիրան գնաճի մակարդակից ցածր պահելու քաղաքականությունը նշում են որպես թուրքական արձակուրդների արժեքի աճի հիմնական պատճառներից մեկը: Կառավարությունը ձգտում է նվազեցնել թուրք սպառողների վրա գնաճային ճնշումը, սակայն դա երկիրը դարձնում է ավելի քիչ մատչելի արտասահմանյան այցելուների համար: Այս ֆոնին բրիտանական տուրօպերատորները նկատում են պահանջարկի տեղաշարժ Թուրքիայից դեպի ավելի բյուջետային ուղղություններ, ինչպիսիք են Սլովենիան, Չեռնոգորիան և Թունիսը:

Չնայած օտարերկրյա զբոսաշրջիկների թվի կրճատմանը, ոլորտի եկամուտներն առայժմ կայուն են մնում մեկ հանգստացողի համար միջին ծախսերի աճի շնորհիվ: Զբոսաշրջության ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի 4.1 %-ը և մնում է արտարժույթի եկամտի կարևոր աղբյուր՝ արտաքին հաշվեկշիռը պահպանելու և լիրան կայունացնելու համար: Շուկայի մասնակիցները նշում են, որ զբոսաշրջիկների հոսքի նվազումը կարող է երկարաժամկետ ռիսկեր ստեղծել ոլորտի համար։

Leave a Comment