Իրավապահ մարմինները կարող են ստուգումներ սկսել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և նրա ընտանիքի ունեցվածքի ձեռքբերման հիմքերի վերաբերյալ, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել Աբովյան քաղաքում երկու բանկերի զբաղեցրած տարածքների պատկանելության, ինչպես նաև Բաբայանի առանձնատան հետ կապված հարցերը, որը թերթի պնդմամբ, կառուցվել է նախկին մանկական զբոսայգու տարածքում։
Պարբերականի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհ են, որ բնակիչները սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքները կապում են Բաբայանի և համայնքային իշխանությունների հետ։
Էդուարդ Բաբայանը 2021 թվականի դեկտեմբերին ընտրվել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ցուցակով։ ԲՀԿ-ն այդ ՏԻՄ ընտրություններում ստացել էր ձայների 46,28 տոկոսը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65 տոկոսը։ Ընտրություններից հետո ՔՊ-ն հայտարարել է, որ բողոքարկելու է համայնքի 41 ընտրատեղամասերից 25-ի արդյունքները։
