Արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարների Գյումրիում ընթացող աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակմանն ուղղված TRIPP ծրագրի իրականացման ընթացքին, հայտնել է ԱԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ քննարկումն ընթացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության նախագծերը։
Դիտարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, տարբեր ուղղություններով ձևավորված դինամիկան և առաջիկա հեռանկարները, նշված է հրապարակման մեջ։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:
