Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին բողոքի նոտա է հղվել

Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին բողոքի նոտա է հղվել

Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել օգոստոսի 26-ին Լեհաստանի հանրային հեռարձակող TVP-ի (TVP World) «Eastern Express» հաղորդման շրջանակում Ադրբեջանի վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի կապակցությամբ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ռեպորտաժը պարունակել է «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և լիովին անընդունելի» պնդումներ՝ ուղղված Ադրբեջանի պետության և ղեկավարության դեմ։ Բողոք է արտահայտվել նաև հաղորդման ընթացքում վարողի «սադրիչ վարքագծի» վերաբերյալ։ Լեհական կողմին այդ կապակցությամբ հանձնվել է բողոքի նոտա։

Ադրբեջանական կողմը նշել է, որ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացը, իսկ Բաքուն, իր պնդմամբ, հետևողական ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության տարածումը հարցեր է առաջացնում։

Ադրբեջանի ԱԳՆ-ում Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակողի եթերում Ադրբեջանի վերաբերյալ բացասական նյութերի տարածումը գնահատել են որպես «ոչ բարեկամական քայլ», որը հակասում է երկու երկրների միջև առկա գործընկերության ոգուն և կարող է լրջորեն վնասել երկկողմ հարաբերություններին։

Լեհական կողմին կոչ է արվել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ ուղղված նմանատիպ «սադրիչ արշավները» դադարեցնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment