Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը մերժել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսի գործով դատական նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդությունը։ Դատական նիստը կանցկացվի դռնբաց, ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Դատական նիստը դռնփակ ներկայացնելու միջնորդությունը ներկայացրել էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը, որը գործով տուժող կողմն է։ Նա դեմ է արտահայտվելով նաև դատական նիստի լուսաբանմանը։ Միևնույն ժամանակ դատավորը թույլատրել է դատական քննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնել։
Կաթողիկոսը և եպիսկոպոսները, ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, չեն մասնակցում դատին։ Սարոյանը դատարան է մտել «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումների ներքո։
Կաթողիկոսի փաստաբան Արմինե Ֆանյանը դատական նիստից առաջ լրագրողներին հայտնել է, որ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական վարույթը վերաբերում է նրա բացառիկ լիազորությունների շրջանակում կայացված որոշմանը, որին պետությունը չի կարող միջամտել։
Նրա խոսքով՝ խոսքը կաթողիկոսի հայրապետական տնօրինության շրջանակում կայացված որոշման մասին է։
«Կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող բացառիկ որոշում, որը բացառապես իր լիազորության և իր տնօրինության մեջ է, և պետությունը փորձում է հիմա միջամտել այդ որոշման կայացմանը քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- հայտարարել է փաստաբանը։
Ֆանյանի խոսքով՝ Հայաստանում նախկինում չի գրանցվել դեպք, երբ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ իրականացվի նրա բացառիկ իրավասությունների շրջանակում կայացված որոշման պատճառով։
Փաստաբանը գործընթացն անվանել է «ոչ լեգիտիմ»։ Նա հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք, նրա խոսքով, հստակ սահմանազատում են պետության միջամտության շրջանակները եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին կյանքին։
«Այս դեպքում պետությունը ջնջում է այդ սահմանները»,- հայտարարել է Ֆանյանը։
Նա անդրադարձել է նաև գործով նախորդ դատավորի՝ Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկին՝ նշելով, որ ողջունում է կաթողիկոսի գործի քննությունից դատավորի հրաժարվելու որոշումը։
«Իհարկե, ավելի ողջունելի կլիներ, որ քններ և արդարացներ կամ հենց սկզբից քրեական հետապնդումը դադարեցներ արդարացման հիմքով, բայց ինքնաբացարկն էլ լուծում է»,- ասել է փաստաբանը։
Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին մեղադրում են Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի նկատմամբ այս գործով կիրառվել էր բացակայելու արգելք, որն ապրիլին վերացրել էր։
Մասնավորապես, 2026 թվականի հունվարին Սարոյանը դատարանում վիճարկել էր իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի որոշումը։ Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր մինչև գործով վերջնական որոշման կայացումը ապահովել Սարոյանի պաշտոնավարումը և չխոչընդոտել թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը։
Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները որոշել են կաթողիկոսին առաջարկել Սարոյանին կարգալույծ հռչակել, իսկ Գարեգին Բ-ն նրան կարգալույծ է հռչակել։ Մեղադրող կողմը հենց այդ գործողություններն է դիտարկում որպես դատարանի որոշման կատարմանը խոչընդոտում։
Դատական գործընթացը իշխանություն-եկեղեցի հակադրության ֆոնին է, որը սրվել էր 2025 թվականի մայիսից, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունիսին Փաշինյանն արդեն առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ 2026-ին իշխանությունը շարունակել է պնդել Գարեգին Բ-ի հեռացման անհրաժեշտությունը, իսկ կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել են կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
