ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ դպրոցներում պատմության ուսուցման բովանդակությունը չի կրճատվի կամ ձևափոխվի՝ նման հնարավորության մասին խոսակցություններն անվանելով «իմաստազուրկ»։
Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մեր կոնտենտում Վան կա, բայց Հայաստանի Հանրապետություն չկա» հայտարարությունից հետո գերատեսչությունը կվերանայի պատմական Հայաստանին վերաբերող բովանդակությունը դպրոցական դասագրքերում, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի և Արարատի վերաբերյալ մոտեցումները։
«Մեր պատմությունը մեր պատմությունն է, և պատմության ուսուցանում այս հանգամանքներում և այս իրողություններում մենք ոչ թե պետք է կրճատենք, ձևափոխենք, այլ հակառակը՝ պետք է իրականացնենք էլ ավելի մանրամասն ու մանրակրկիտ, և պետք է մեր պատմությունը իմանանք իր բոլոր շերտերով, մանրամասներով, պետք է վերլուծենք: Այդ իմաստով, ես կարծում եմ, որ որևէ բովանդակության կրճատման մասին խոսելը ընդհանրապես իմաստազուրկ է»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրել է, որ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու ժամանակ իշխանությունները հայտարարել էին պատմության ուսումնասիրման մոտեցումների փոփոխության մասին։
«Մենք պետք է առանձնահատուկ շեշտադրում անենք, թե ինչպես ենք մենք մեր պատմությանը նայում։ Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից, և պետք է կարողանանք վերլուծել մեր պատմությունը՝ տեսնելով, թե ինչպես են դրա տարբեր դրվագները դեր խաղացել պետականության կորստի կամ պետականության ամրապնդման համար», — ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը պետք է օգնի աշակերտներին պետությունն ու պետականությունը ընկալել որպես բարձրագույն արժեք, պատմական իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնել և գիտակցել ու պաշտպանել պետության շահերը։
Անդրեասյանը նաև պատասխանել է Armenia Today-ի՝ Սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, թե ինչպես են իշխանությունները նախատեսում առաջիկա չորս տարիներին կառուցել աշխատանքը հայկական համայնքների հետ՝ հաշվի առնելով Սփյուռքի հետ հարաբերությունների վերանայման մասին իշխանությունների ծրագրային դրույթները։
Նախարարը հայտարարել է, որ ԿԳՄՍՆ-ն շարունակելու և ընդլայնելու է Սփյուռքում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերը։ Նրա խոսքով՝ նախարարությունը վերապատրաստումներ է կազմակերպում Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների և վարչական աշխատակիցների համար, ինչպես նաև դասագրքեր է տրամադրում կրթական հաստատություններին։
Անդրեասյանը նաև նշել է սփյուռքահայ գիտնականների հետ համագործակցությունը, հիշեցնելով որ նրանց համար գործում են դրամաշնորհային ծրագրեր ՀՀ-ում աշխատելու համար։
