Հայտնի քաղաքագետ, պրոֆեսոր Ջոն Մերշայմերն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին։
«Սա չի աշխատելու։ Վերջին պատմության ընթացքում ես չգիտեմ գոնե մեկ դեպք, երբ այնպիսի տնտեսական շրջափակումը, ինչպիսին մենք այժմ առաջարկում ենք, ստիպել է տվյալ երկրին հանձնվել»,- ասել է նա։
Ըստ Միրշայմերի, «Երբ տնտեսական շրջափակմամբ հսկայական ճնշում եք գործադրում որևէ երկրի վրա և սկսում եք նրան հասցնել ծայրահեղ ծանր վիճակի, սովորաբար տեղի է ունենում հակառակ արձագանքը․ այդ երկիրը սկսում է հակահարված տալ։
Նա հասկանում է, որ իր գոյությունն է վտանգված, և հարձակվում է»։
Միրշայմերը նաև հիշեցրել է. «1941 թվականին մենք ճապոնացիների նկատմամբ խիստ նավթային շրջափակում սահմանեցինք և սառեցրինք նրանց ակտիվները։ Ճապոնացիները ծայրահեղ ծանր վիճակում էին։
Նրանք կարծում էին, որ տնտեսական շրջափակման միջոցով մենք սպառնում ենք իրենց գոյությանը։ Եվ նրանք հարձակվեցին մեզ վրա՝ Փերլ Հարբորում։
Չեմ կարծում, որ դուք կկարողանաք իրանցիներին ծնկի բերել։ Բայց եթե իսկապես սպառնաք նրանց գոյությանը, նրանք պարզապես չեն նստի ու չեն անհետանա կամ հանձնվի։ Նրանք հակահարված կտան»։
Ըստ Ջոն Մերշայմերի՝ ԱՄՆ-ն հուսահատ վիճակում է։ «Փորձել են գրքի բոլոր հնարքները։ Սկսեցին լայնածավալ օդային արշավից։ Անցան շրջափակման․․․ և այդ ամենից ոչ մեկը չաշխատեց։ Իրանցիները դեռ կանգուն էին։
Մենք այլևս չունենք ռազմական որևէ խաղաքարտ, որը կարող ենք օգտագործել։ Ռազմական խաղաքարտն այժմ իրանցիների ձեռքում է։
Կարծում եմ՝ ռազմական հարկադրանքի հավասարակշռությունը գրեթե վճռականորեն փոխվել է նրանց օգտին։ Սա իսկապես զարմանալի իրավիճակ է»,- ասել է նա։
