28.08.2026 | 13:30
«Սա իմ տունն է, ես չեմ ուզում այն լքել: Այդտեղ ես ինձանով ստեղծել եմ մի ամբողջական ու շքեղ քաղաքակրթություն»:
Երկու օր առաջ, առավոտյան ժամը տասի մոտերքը հնչեց իմ բնակարանի դոմոֆոնի զանգը: Այդ ժամին որևէ մեկին չէինք սպասում: Մտածեցի, որ երևի բնակիչներից մեկն է, որ մուտքի դուռը բացող բանալի չունի, դրա համար էլ իմ բնակարանի զանգն է հնչեցրել: Նման բան հաճախակի էր լինում, քանի որ չորրորդ հարկի իմ բնակարանի համարը տասներկուս է, իսկ դա դոմոֆոնի առաջին երկու թվերն են: Այդուհանդերձ, հետաքրքրության համար դուռը բացեցի, դուրս եկա միջանցք, որ տեսնեմ, թե ո՞վ է:
Միջահասակ մի անծանոթ կին էր բարձրանում աստիճաններով: Շենքի բնակիչներից չէր: Ուզում էի ներս մտնել, բայց տեսա, որ գալիս է դեպի ինձ: Մտածեցի, երևի բան պետք է հարցնի:
Մոտեցավ, բարևեց, նայեց բնակարանի դռանը ու հուզված ասաց.
«Էս տունը իմ տունն է: Քսան տարի առաջ սա իմ տունն է եղել»:
Մտածեցի, երևի հոգեկան շեղումներ ունի: Ասացի՝ «Տիկի՛ն, երևի սխալվում եք, ես երեսուն տարուց ավելի ապրում եմ այս տանը»:
Ասաց՝ «Դուք ակադեմիայի էն աշխատողը չե՞ք, որի հետ փոխանակեցինք մեր բնակարանները»:
Ասացի՝ «Հա՛, ես եմ»:
Ասաց՝ «Ես Արմենի կինն եմ»:
Բնակարանների փոխանակությունը մենք արել էինք ավելի վաղ, ինքն ուղղակի տարիները խառնել էր: Ընդ որում, փոխանակությունը կատարել էի նրա ամուսնու՝ Արմենի հոր հետ, որը հրաշալի մարդ էր, ինքը ներկա չէր եղել, ես նրան չէի տեսել:
Եվ հիմա, ինքը, երբեմնի տանտերը, կանգնել ու գորովանքով նայում էր բնակարանի դռանը:
Ասաց՝ թույլ կտաք մի քանի րոպեով ներս մտնեմ:
Ասացի՝ հա՛, իհարկե, ներս եկեք: Ներս մտավ ու սկսեց հայցքով զննել բնակարանը:
– Ճաշասենյակի պաստառները հանե՞լ եք: Ասացի՝ հա՛, խունացել, քրքրվել էին արդեն: Գնաց դեպի ննջասենյակ:
– Իմ երեխաները ծնվել ու էս սենյակում են մեծացել: Մեկի մահճակալը էստեղ էր, մյուսինը՝ էստեղ: Շուտ-շուտ էին հիվանդանում: Պատուհանի մոտ իրենց դասագրքերն ու սեղանն էր: Ցուրտ ու մութ տարիներն էին: Ցերեկները մի քանի ժամ հետները պարապում էի, որ սովորեն, լավ մարդ դառնան։
Հուզված էր: Ինքը կարծես ննջասենյակի իրերը չէր տեսնում, այլ տեսնում էր երբեմնի իր ապրած տարիների կահավորանքով: Մի քանի րոպե երկար ու լուռ կանգնած էր, իր մեջ վերարթնացել էին անցյալի ապրած լուսեղեն դրվագներ։ Այդ կինը,ըստ էության, հանդիպել էր իր անցյալին: Վերհուշը նոր դրվագներ էր հիշեցնում: Սթափվեց: Դուրս եկավ միջանցք:
– Շա՜տ էի կարոտել էս տանը: Ինձ կներե՛ք:
Միջանցքի պաստառները չէինք փոխել: Նայեց ու ուրախացած ասաց․
«Վա՜յ, էս աբոյները մնացել են,, … հերս իր ձեռքով ա սրանք կպցրել,- սկսեց գորովանքով շոյել պատի պաստառը ու մրմնջալ,- վա՜խ, հեր ջան»։ Կարծես, ոչ թե պաստառը, այլ հոր դեմքն էր շոյում:
Ասի՝ «Սուրճ կխմե՞ք, սուրճ դնե՞մ»։
Հուզված ասաց․
– Չէ, շնորհակալ եմ, շտապում եմ,- ու այլայլված դուրս եկավ։
Հ. Գ.