Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Global Spirits խմբին պատկանող «Խորտիցա» օղու գործարանը։ Ընկերությունից հայտնել են, որ արտադրական ձեռնարկությունն այլևս վերականգնման…
Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Global Spirits խմբին պատկանող «Խորտիցա» օղու գործարանը։ Ընկերությունից հայտնել են, որ արտադրական ձեռնարկությունն այլևս վերականգնման ենթակա չէ, փոխանցում է Forbes Ukraine-ը։
Global Spirits-ի տվյալներով՝ գործարանը չորս հարվածի է ենթարկվել, իսկ դրանից հետո բռնկված հրդեհը շարունակվել է առնվազն երեք ժամ։
Հարձակման հետևանքով ընկերությունը կորցրել է մոտ 3-4 միլիոն շիշ պատրաստի արտադրանք, որի համար արդեն վճարված է եղել ակցիզային հարկը։ Արտադրանքի մի մասն ամբողջությամբ այրվել է, մյուս մասը հալվել և ենթակա է ոչնչացման։
Ընկերությունից հայտնել են, որ մեկ շշի միջին արժեքը կազմել է մոտ 100 գրիվնա` մոտ 817 դրամ:
Զապորոժիեի մարզային իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 27-ին հարված է հասցվել մարզի ձեռնարկություններից մեկին, ինչի հետևանքով վնասվել են արտադրական տարածքները և հրդեհ է բռնկվել։
Global Spirits-ը արտադրում է օղի, կոնյակ և գինի։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 87 երկիր։
Ընկերությունում վնասի ընդհանուր չափը դեռ չեն հրապարակել։