Հայաստանում նախատեսվում է վարորդական իրավունքի քննությունից առաջ ուսուցումը պարտադիր դարձնել և խստացնել վարորդներ պատրաստող կազմակերպությունների նկատմամբ պահանջներն ու վերահսկողությունը։ Համապատասխան օրենսդրական նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Եթե ներկայում A, B և C կարգերի, ինչպես նաև AM, A1, B1 և C1 ենթակարգերի վարորդական իրավունք ստանալու քննություններին կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք, ապա նախագծով այս հնարավորությունը նախատեսվում է վերացնել՝ քննությունից առաջ ուսուցումը դարձնելով պարտադիր։ Նշենք, որ ինքնուս քննություն հանձնելու հնարավորությունը ներկայում գործում է, օրինակ, մոտոցիկլների, մարդատար ավտոմեքենաների, մոպեդների, թեթև մոտոցիկլների, ինչպես նաև տրիցիկլների, քվադրիցիկլների, միջին բեռնատարների համար։
Նախատեսվում է միասնական պահանջներ սահմանել ինչպես ուսուցում իրականացնողների, այնպես էլ ուսումնական գործընթացի նկատմամբ։
Մասնավորապես, վարորդներ պատրաստող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն երկու համապատասխան որավորում ունեցող աշխատող՝ մեկական տեսական և գործնական ուսուցման համար։ Գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա համապատասխան կարգի վարորդական իրավունք։
Գործնական վարման սկզբնական ուսուցումը պետք է անցկացվի ավտոդրոմում, ավտոհրապարակում կամ ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում։
Նախատեսվում է ուժեղացնել նաև ոլորտի պետական վերահսկողությունը։ Լիցենզավորող մարմինը կվարի ուսուցում իրականացնող կազմակերպությունների և ԱՁ-ների էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ կներառվեն նաև նրանց նկատմամբ իրականացված ստուգումների մասին տվյալները։ Վերահսկող մարմինը կկարողանա առանց նախապես զգուշացնելու ստուգել՝ սովորողները փաստացի մասնակցո՞ւմ են դասընթացներին։ Կազմակերպություններն ու ԱՁ-ները յուրաքանչյուր կիսամյակ պարտավոր կլինեն հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ։
Վարորդներ պատրաստող կազմակերպությունները նաև կվարկանշավորվեն՝ նրանց սովորողների հանձնած վարորդական քննությունների արդյունքների հիման վրա։ Վարկանիշները կհրապարակվեն՝ քաղաքացիներին ուսուցում իրականացնող կազմակերպություն ընտրելիս կողմնորոշվելու հնարավորություն տալու համար։
Նախագծով սահմանափակում է նախատեսվում նաև վարորդական քննություններ ընդունողների համար։ Քննություններ ընդունող ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցներն աշխատանքից ազատվելուց հետո երկու տարի չեն կարող աշխատել վարորդների ուսուցմամբ զբաղվող կազմակերպությունում կամ նման գործունեություն իրականացնել որպես անհատ ձեռնարկատեր։
Նոր պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական, իսկ համապատասխան դեպքերում՝ լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում։
ՆԳՆ-ն փոփոխությունների նպատակը բացատրում է վարորդների գիտելիքների և վարելու հմտությունների որակի բարձրացման, ինչպես նաև անվտանգ վարելու մշակույթի ձևավորման անհրաժեշտությամբ։ Օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։
2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է 2146 ՃՏՊ՝ նախորդ տարվա 2072-ի դիմաց։ Միաժամանակ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4-ով կամ 3,4%-ով։
Կարդացեք նաև՝
Փաշինյանի խոստումից հետո վարորդականից զրկվածների իրավունքը կվերականգնվի
