Մարտվիլիի մունիցիպալիտետի Դիդի Չկոնի գյուղում ուժեղ անձրևները հեղեղել են տներ, բակեր և գյուղատնտեսական հողեր, տեղեկանում ենք GT-ից։
Ջրհեղեղներ են գրանցվել նաև Քութայիսիում և նրա շրջակա տարածքներում։ Առավել ծանր իրավիճակը Իմերեթիի մարզի Բաղդաթի մունիցիպալիտետում է, որտեղ վնասվել են կոմունալ ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, բակեր, գյուղատնտեսական հողեր և շենքերի առաջին հարկերը։
Բաղդաթիի քաղաքապետարանը կոմունալ ծառայությունները բարձր տագնապի վիճակի է բերել։ Տեղական իշխանությունները այցելում են տուժած տարածքներ և օգնություն են ցուցաբերում բնակիչներին։ Վնասները գնահատելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով։
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օգոստոսի 27-28-ը երկրի մեծ մասում անձրևներ են սպասվում, որոշ շրջաններում հնարավոր են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ քամի։ Օդերևութաբանները զգուշացնում են գետերի ջրի մակարդակի հնարավոր բարձրացման, ինչպես նաև լեռնային և բլրոտ շրջաններում սողանքների և սելավների վտանգի մասին։ Վտանգի մակարդակը գնահատվում է «միջին»։
