Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կ.Ն.-ն 2022…
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարուն բեռնատարների միջոցով գետի ափամերձ տարածքներում խառը բաղադրության հողային լիցք է լցրել, ապա այն հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայով։
Ըստ ՔԿ-ի՝ աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան շինարարական թույլտվությունների և հողերի նպատակային նշանակությունը փոխելու։ Արդյունքում վնասվել է հողի բերրի շերտը։
Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2 մլն 319 հազար 668 դրամ։
Կ.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հողը փչացնելու համար, իսկ պատճառված վնասի չափով նրա գույքի վրա արգելանք է դրվել։
Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հետագայում դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։