Տիգրան Գալստյանի տանը խուզարկություն են իրականացնում. «Սրբազան պայքար»-ի գործով նիստը հետաձգվեց

«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանն այսօրվա՝ օգոստոսի 27-ի դատական նիստին չէր ներկայացել։ Նրա պաշտպանը հայտնեց՝ Գալստյանը հնարավորություն չունի դատական նիստին ներկայանալու, քանի որ նրա տանը խուզարկություն է իրականացվում։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտնեց՝ քանի որ դատարանին նախապես չներկայանալու մասին տեղյակ չի պահվել, մեղադրյալի վարքագիծը կարող Է որակվել որպես ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։

«Այդուհանդերձ, քանի որ չգիտենք հիմնական պատճառների մասին, չենք շտապի գնահատականներ տալ»,- ասաց նա՝ հայտնելով, որ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը շարունակվել չի կարող։

Տիգրան Գալստյանի պաշտպանն ասաց՝ չի պատկերացնում իրավիճակ, երբ վարույթ իրականացող մարմինն անձին նախապես տեղյակ է պահում իրենց տանն իրականացվող խուզարկության մասին։

Հանրային մեղադրողն էլ նշեց՝ տեղյակ է, որ խուզարկությունը կատարվում է ոչ թե դատական նիստի ժամից սկսված, այլ ավելի վաղ։

«Եթե այդպես է, պարոն Գալստյանը տեղյակ է եղել, որ չի կարողանալու ներկայանալ դատական նիստին և այդ մասին պետք է դատարանին տեղյակ պահվեր ոչ թե պաշտպանի միջոցով նիստի ժամանակ, այլ՝ նախապես»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը։

Դրան ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղյակ չեն՝ Տիգրան Գալստյանը հասանելիություն ունեցել է կապի միջոցներին, թե ոչ։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել, քանի որ մեղադրյալներից մեկը դատական նիստին ներկա չէ։

Այս դատական նիստին հրավիրվել էին «Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 7 փորձագետներ, որոնք մինչ այս ներկայացրել էին փորձաքննության արդյունքներ հայտնաբերված զենքերի վերաբերյալ, որոնք, ըստ մեղադրանքի կողմի, վերաբերում են այս գործին։

Հաջորդ դատական նիստին նրանք նույնպես կհրավիրվեն դատարան։ Այն նշանակվել է սեպտեմբերի 3-ին։

Լուսանկարում՝ Տիգրան Գալստյանը, «Հետք»-ի արխիվից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment