Մայր Աթոռի պահանջով Տեր Թադեն ու կինը կվտարվեն Թալինի եկեղեցապատկան բնակարանից․ Hetq.am

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը՝ Տեր Թադեն, և նրա կինը դատարանի որոշմամբ պետք է վտարվեն Թալինում գտնվող՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բնակարանից։ Այս մասին հայտնում է…

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը՝ Տեր Թադեն, և նրա կինը դատարանի որոշմամբ պետք է վտարվեն Թալինում գտնվող՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բնակարանից։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Բնակարանը Տեր Թադեին տրամադրվել էր անհատույց բնակվելու համար, որտեղ նա ապրում է կնոջ և երեխաների հետ։ Մայր Աթոռը 2026 թվականի հունվարի 9-ին ամուսիններից պահանջել էր մինչև հունվարի 25-ն ազատել բնակարանը, սակայն պահանջը չէր կատարվել, ինչից հետո հարցը տեղափոխվել էր դատարան։

Դատարանում Տեր Թադեն հայտնել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ։ Գրավոր պայմանագիր չի կնքվել և բնակվելու ժամկետ չի սահմանվել։

Նրա կինը ևս հայտնել է, որ ընտանիքն ավելի քան 10 տարի բնակվում է այնտեղ և սեփական միջոցներով բարեկարգման աշխատանքներ է կատարել։

Hetq.am-ի փոխանցմամբ՝ դատարանը, սակայն, արձանագրել է, որ ամուսինները բնակարանի նկատմամբ որևէ գույքային իրավունք չունեն, իսկ այն օգտագործելու վերաբերյալ գրավոր պայմանագիր կամ այլ իրավական հիմք առկա չէ։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցը՝ որոշելով Տեր Թադեին և նրա կնոջը վտարել բնակարանից և այն վերադարձնել Հայ առաքելական եկեղեցուն։

Վճիռը կայացվել է օգոստոսի 26-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Leave a Comment