Ամոթալի է լսել այս ամենը․ Զախարովան՝ երկաթուղու մասին Երևանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայկական երկաթուղային համակարգի կառավարման վերաբերյալ Երևանի հայտարարությունները։ Հեռարձակում իրականացրել է Armenia TodayYou Tube-յան ալիքը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղին կառավարող ընկերությունը կարող է վաճառվել երրորդ կողմի, որն ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Փաշինյանը նաև նշել էր, որ խնդիրը ռուսական կոնցեսիան չէ, այլ այն ռիսկը, որ Հայաստանը կարող է բաց թողնել միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։

ՀՀ իշխանությունների պնդումները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախագծերի մասնակից, նա անվանել է իրականությանը չհամապատասխանող։

«Գիտեք, պարզապես ամոթալի է լսել այս ամենը։ Չգիտեմ՝ ինչպես նրանք չեն ամաչում սա ասել։ Այս հարցի վերաբերյալ բոլոր բացատրություններն արդեն տրվել են»,- նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում գործողությունների դիմաց, որոնք, ըստ նրա, տեղավորվում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու Արևմուտքի քաղաքականության շրջանակում։

Leave a Comment