Հայաստանից ԱՄԷ շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն կարտահանվի

Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն արտահանել։ Կողմերի միջև արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին…

Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն արտահանել։ Կողմերի միջև արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Օգոստոսի 27-ին Պապոյանն ընդունել է ԱՄԷ-ում հիմնադրված Watermelon Ecosystem հարթակի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնումը, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև հայ արտադրողների՝ ԱՄԷ-ի և միջազգային այլ շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատումը։

Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված ներդրումներն ու արտադրական հնարավորությունները՝ հատկապես կարևորելով փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիությունը։

Հանդիպման ավարտին ստորագրված հուշագիրը նախատեսում է Հայաստանից ԱՄԷ թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպում։

Leave a Comment