«Իրական բռնաճնշումների էսկալացիա է»․ Զախարովան՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին

Ռուսաստանը Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր և չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական…

Ռուսաստանը Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր և չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրականացվող գործողություններին։

«Մենք չենք խառնվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, ներառյալ Հայաստանի և նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Հայաստանը շարունակում ենք համարել եղբայրական երկիր՝ մի ժողովրդի հետ, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարեր շարունակ, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Նրա պնդմամբ՝ Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ «իրական բռնաճնշումների էսկալացիան»։

Զախարովան հիշեցրել է, որ այս խնդրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր դեռ ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ։ Նրա գնահատմամբ՝ վերջին զարգացումները կարող են վկայել իրավապահների գործողությունների «քաղաքականացված բնույթի» մասին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունները, դաշինքները, համայնքային ղեկավարներն ու հասարակական գործիչները հնարավորություն կունենան ազատ մասնակցելու Հայաստանի ներքաղաքական կյանքին։

Զախարովան քննադատել է նաև Եվրամիության ներկայացուցիչներին՝ պնդելով, որ նրանք անտեսում են Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ կառուցողական դիրքորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ճնշումները։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների «նոր, այսպես կոչված, ընկերները» պատրաստ են աչք փակել այն գործընթացների վրա, որոնք նպաստում են տարածաշրջանում ԵՄ նպատակների իրականացմանը։

Leave a Comment