ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հետ կապված խմբեր է ուղարկում տարբեր բնակավայրեր՝ նոր հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում՝ կաթողիկոսին անվանելով նրա աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան։
«Երեկ էլ իմացել եմ՝ Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր և բնակավայրեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու նպատակով։ Բագրատի (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան-խմբ) հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սա սկսել է Կտրիճի հեղափոխություն»,- հայտարարել է Փաշինյանը։
Լրագրողների խնդրանքին՝ հստակեցնել, թե ինչի՞ մասին է խոսքը, վարչապետը հայտնել է․ «Կաթողիկոսի հետ կապված տեղեկություն ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել՝ շոշափելու համար, ու հոգևոր-քաղաքական միջոցներով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, այսպես ասած, հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը՝ 2024 թվականի պրոցեսի նմանությամբ»։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։
Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել։
