Հայաստանում անշարժ գույքի շուկան կես տարում ավելացել է շուրջ 15 հազար գործարքով

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքների թիվն ավելացել է շուրջ 15 հազարով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կառավարության օգոստոսի 27-ի նիստում հայտնել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նիստի հեռարձակումը վարել է Armenia Today YouTube-յան ալիքը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը ներառում է ինչպես առուվաճառքի, այնպես էլ ժառանգության, վարձակալության և այլ գործարքներ։

Գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ շուկայի ակտիվության աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ սփյուռքահայերի կողմից բնակարանների ձեռքբերման ծավալների ավելացումով, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքների և հիփոթեքային վարկավորման գործընթացների ամբողջական թվայնացմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, շուկայում ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս հայտարարել է, որ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելն ավելի պահանջված է դառնում, իսկ Երևանում ձեռք բերված անշարժ գույքն ունի բարձր սպառում

«Հայաստանում բնակարան գնելը թրենդային է»,- ասել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ ներկայիս շուկայական գներով մեկ բնակարանի արժեքը շուրջ 42 մլն դրամ է։ Վարչապետը նաև հայտարարել է, որ շինարարության ծավալներն ավելացել են 25%-ով։

Ըստ նրա՝ 2025 թվականին բնակարանաշինության ծավալներով գերազանցել են 1986 թ-ը, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։

Փաշինյանի գնահատվմամբ այսպիսով «ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային միության նկատմամբ ունեցած նոստալգիան» և «երկրաշարժաֆոբիան»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իր հերթին, շեշտել է, որ Խորհրդային դարաշրջանի շինարարության համեմատ այսօրվա շենքերը որակապես ավելի բարձր են։ Նրա խոսքով՝ ներկայիս շինարարությունը խորհրդային շրջանի ցուցանիշները գերազանցում է ոչ միայն քանակով, այլև որակով։

«Եթե նայենք շենքերի որակը հիմա և խորհրդային ժամանակաշրջանի կառուցված շենքերը, դրանք ուղղակաի համեմատելու չեն։ Արժեքային առումով շատ ավելի մեծ փոփոխությունների ենք ենթարկվում»,- ասել է Պապոյանը։

Փաշինյանը վերջին տարիների շինարարական բումը կապել է 2020 թվականին կառավարության ընդունած՝ բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի ծրագրից աստիճանաբար հրաժարվելու որոշման հետ։

Շուկայի զարգացման հաջորդ ուղղություններից մեկը իշխանությունները նախատեսում են դարձնել գործող բնակարանային ֆոնդի ռենովացիան։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում բնակարանային ֆոնդի զգալի մասը հնացած է և վերականգնման կարիք ունի։

«Մենք ըստ էության այդ երկրաշարժաֆոբիան հաղթահարում ենք շինարարության ոլորտում, որովհետև արդեն իսկ կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս, որ Հայաստանում ավելի բարձրորակ շինարարություն իրականացնել, բայց նաև կառավարության ծրագրում ռենովացիայի կետը շատ կարևոր նշանակություն ունի, մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Հայաստանում բնակարանային ֆոնդը հիմնականում հնացած է, ու այդ բնակարանային ֆոնդը պետք է փոխվի»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ մասնավոր հատվածի ռենովացիան պետք է դառնա խոշոր ներդրումային ծրագիր, որի շրջանակում կառավարությունը կշարունակի կիրառել խթանման միջոցներ։

Պապոյանը նաև հայտնել է, որ իշխանությունները կառուցապատողների հետ աշխատում են Հայաստան ապարտ-հյուրանոցների բրենդներ ներգրավելու ուղղությամբ։

Անշարժ գույքի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ են ձևավորել նաև պետական բնակարանային ծրագրերը։ Փաշինյանը հայտնել է արցախցիների՝ բնակարանով ապահովման ծրագրի ընթացքի մասին։ Նա նշել է, որ Արցախից բռնի տեղահանված 7000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։

«Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10 000 թիվը։ Բայց դա մոտավոր հաշվարկներ են»,- ասել է վարչապետն ու հավաստիացրել, որ այդ վավերապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները կստանան բնակարան։

Ըստ Փաշինյանի՝ 800 մլրդ դրամ ֆինանսավորում է նախատեսված ծրագրի իրականացման համար։ Եվս 16 մլրդ դրամ է ուղղվել սահմանամերձ բնակավայրերի բնակեցման ծրագրին։

Բացի զինծառայողների համար արդեն գործող բնակարանային աջակցության ծրագրերից՝ իշխանությունները նախատեսում են նմանատիպ մեխանիզմներ ներդնել նաև ուսուցիչների համար, հավելել է Փաշինյանը։

ԲԷՔ

Հուլիսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել առանց նոտարի մասնակցության անշարժ գույքի հիփոթեքային գործարքների առցանց ձևակերպման անցմանը։ Առուվաճառքի և հիփոթեքային գործարքները հնարավոր կլինի ձևակերպել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ համապատասխան գործառույթի գործարկումից հետո։

Իշխանությունները նաև ընդլայնել են Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրը․ բնակավայրերի թիվը, որտեղ ծրագրի շահառուները կարող են բնակարան ձեռք բերել կամ կառուցել, 452-ից հասցվել է 611-ի՝ 57 համայնքում։ Ծրագրով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է 3-5 մլն դրամ աջակցություն, իսկ դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը։

Կարդալ ավելին՝

Արցախից տեղահանված 6444 ընտանիք բնակարան գնելու հավաստագիր է ստացել․ Խաչատրյան

Կառավարությունը փոփոխություն է կատարել Արցախից տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրում

Leave a Comment