ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում հանկարծահաս հեղեղումների հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ, տեղեկանում ենք գերատեսչության X-ի հրապարակումից։
«Անկեղծ ցավակցություններ ենք հղում բոլոր զոհերի ընտանիքներին՝ աղոթելով բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար», – նշվում է հրապարակման մեջ։
Նեպալում և Չինաստանի Տիբեթում շուրջ 1500 մարդ, այդ թվում՝ ավելի քան 700 օտարերկրացի, անհետ կորել է Հիմալայներում օգոստոսի 26-ին սկսված հեղեղումների հետևանքով, փոխանցել է Reuters-ը։
Նեպալի փրկարարներն օգտագործել են ուղղաթիռներ՝ ողջ մնացածներին որոնելու և արտաքին աշխարհից կտրված հազարավոր մարդկանց առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար:
Գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, փոխանցել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 165-ը:
Ոստիկանության և զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների տվյալներով՝ Նեպալում անհետ կորած 826 մարդկանցից գրեթե 500-ը օտարերկրացիներ են:
Ավելի քան երկու տասնյակ երկրներից անհետ կորած զբոսաշրջիկներից 177-ը Հնդկաստանից են, 63-ը՝ ԱՄՆ-ից, 34-ը՝ Ավստրալիայից, 33-ը՝ Մեծ Բրիտանիայից և 25-ը՝ Կանադայից:
Օգոստոսի 26-ին սկսված աղետի հետևանքով Նեպալ-Տիբեթ սահմանային շրջանում ավերվել են բնակավայրեր, ճանապարհներ, կամուրջներ և հիդրոէներգետիկ օբյեկտներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ իշխանությունները զգուշացնում են նոր ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։
