«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը վերին արտի ցորեններն են։ Իրանք դե կարող են թալանել ՀՀ-ը և սերնդեսերունդ այդ թալանածը ժառանգել։ Ընտրություններից առաջ ժողովրդի համար ես հստակ և թափանցիկ խնդիր եմ ձևակերպել՝ էս ամենը, և առաջարկել եմ՝ մեր պետության այս ոլորտում այսպիսի քայլեր»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ «Սա է քաղաքական խնդիրը։ Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին»,- շեշտել է վարչապետը։
Անդրադառնալով 2-րդ նախագահի ձերբակալության ընթացքում այն խոսակցություններին, թե երեխաները այդ ժամանակ վախեցել են, վարչապետը շեշտել է. «Խուզարկությունից առաջ պաստառներ են դնում՝ ցույց տալով, որ իրենք գիտեն, հետո էլ մեծ պատմություն են սարքել, թե վայ, երեխեքը։ Եթե դուք գիտեիք, որ գալու են, երեխեքին ինչի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում։ Պահել էիք, որ երեխեքով շոու անե՞ք»։
Նա նշել է, որ պետք է պարզվի՝ իրավապահ համակարգից եղել է ինֆորմացիայի արտահոսք, թե ոչ, և դրա հեղինակները պետք է պատժվեն։
