Դամասկոս–Սիրիայի ժողովրդավարական ուժեր համաձայնությունը, քրդական գործոնի վերափոխումը և Թուրքիայի ու Իսրայելի շահերի բախումը. Շահան Գանտահարյան


 Դամասկոս–Սիրիայի ժողովրդավարական ուժեր համաձայնությունը, քրդական գործոնի վերափոխումը և Թուրքիայի ու Իսրայելի շահերի բախումը․ 


թեմայի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


— Հունվարին Դամասկոսի և Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը մտնում է գործնական կարևորագույն փուլ։ Ի՞նչ է ենթադրում այս փուլը։


 


 — Խոսքը, ըստ էության, քրդական ռազմական ուժերի լուծարման կամ կառավարական ուժերի հետ դրանց ինտեգրման գործընթացի մասին է։ Այս իրողության դիմաց քուրդ բնակչությունը ստանալու է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, մինչդեռ զիջելու է իր ռազմական ինքնավարությունը։


 


Առերևույթ այս գործարքը կնքվել է Սիրիայի իշխանությունների և քրդական գործոնի սիրիական ղեկավարության միջև։ Սակայն խորապատկերում ուղղակիորեն երևում է նաև Անկարայի ձեռագիրը։ Վերջին հաշվով, Անկարան վաղուց էր առաջադրել Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, այս պարագայում՝ հյուսիսային Սիրիայում, քրդական զինված ներկայությունը չեզոքացնելու խնդիրը։


 


— Այսինքն՝ քրդական ռազմական ներկայության վերացումը միայն Դամասկոսի և քրդական ուժերի հարաբերությունների արդյունքը չէ՞։


 


 — Եթե քրդերը երկար ժամանակ զինվում էին, զորավարժանքների էին ենթարկվում, արտաքին աջակցություն էին ստանում և իրականացնում էին պետական մակարդակի գործառույթներ, ապա ակնհայտ էր, որ այդ ամենի հետևում կանգնած էին մեկ կամ մի քանի պետություններ։


 


Քրդական գործոնի շահարկման բազմաթիվ օրինակներ կան պատմության մեջ։ Վերջին շրջանում գաղտնիք չէր, որ Իսրայելը լիարժեք աջակցում էր քրդական տարբեր խմբավորումներին՝ տարածաշրջանային հարթակում դիրքային առավելություններ ձեռք բերելու նպատակով։ Միայն Իսրայելը չէր, անշուշտ, քրդական գործոնից օգտվողը։ Միացյալ Նահանգները ևս երկար ժամանակ մեծ խաղադրույք էին կատարել այդ գործոնի վրա։


 


Սակայն վերջին շրջանում այդ աջակցությունների և դիրքորոշումների թափը սկսել էր թուլանալ։ Իդլիբի շրջանից քրդերի արագ հեռանալը, հունվարյան համաձայնությունը և Միացյալ Նահանգների կողմից սիրիական տարածքներում քրդերի փաստացի «լքումը» բավական ակնհայտորեն ցույց տվեցին, որ իրավիճակը փոխվել է։


 


 — Ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխություն եք տեսնում այս զարգացումների հետևում։


 


 — Այս գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը դիրքավորվել է ի շահ Անկարայի և ի հեճուկս Թել Ավիվի՝ գործնականում այս ուղղությամբ ենթահող նախապատրաստելով։


 


Խորքում Իսրայել-Թուրքիա շահերի բախման հիմնական կետերից մեկը, այլ խնդիրների կողքին, քրդական գործոնի նկատմամբ երկու պետությունների տարբեր դիրքորոշումներն էին։ Քրդական հարցը երկու երկրների համար տարբեր նշանակություն և գործնական կիրառություն ուներ։


 


 — Իսկ Վաշինգտոնի համար ի՞նչ է նշանակում Դամասկոսի առաջ մղումը այս գործընթացում։


 


— Վաշինգտոնը, Դամասկոսին առաջ մղելով, խորքում Իսրայելից վերցնում է կարևոր խաղաքարտ՝ ընդհանրապես և հատկապես Թուրքիայի դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելով նրան։


 


Այստեղ հիմնական խաղադրույքը, կարծես, մշակութային, լեզվական, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ տրված խոստումների մանրամասնեցումն է։ Եթե այդ իրավունքները գործնական և ինստիտուցիոնալ ձևակերպում ստանան, ապա քրդական գործոնի կիրառման տրամաբանությունը կարող է էականորեն փոխվել։Բայց սա պարզ չէ դեռեւս։


 


— Կարելի՞ է ասել, որ քրդական գործոնը վերջնականապես դուրս է գալիս տարածաշրջանային «խաղաքարտի» կարգավիճակից։


 


 — Դեռ վաղ է նման եզրակացություն անել։ Քրդական գործոնը դեռևս կարող է օգտագործվել տարածաշրջանային քաղաքականության մեջ։


 


Իրաքի, Թուրքիայի և Իրանի քուրդ բնակչությունը՝ լինի ինքնավարության պայմաններում, զենքերը հանձնելու գործընթացում, թե պարզապես որպես տարածքային ամբողջականություններին սպառնացող զանգված ընկալվող երևույթ, դեռևս կարող է օգտագործվել որպես քաղաքական գործոն։ Առաջին հերթին՝ Թուրքիայի դեմ։


 


Սակայն այս պահին սիրիական տարածքներում և Թուրքիայի սահմանամերձ շրջաններում արձանագրվում է հենց զինաթափման գործընթաց։ Սա է էական փոփոխությունը։


 


— Իսկ ի՞նչ է սա նշանակում Թուրքիայի համար։ Անկարան կշարունակի՞ իր ռազմական ներկայությունը Սիրիայում։


 


— Անկարան այլ շարժառիթների կարիք ունի սիրիական տարածքներում վերատեղակայվելու համար։ Եթե քրդական զինված ներկայությունը նվազում կամ վերանում է, ապա Թուրքիայի համար նախկին պատճառաբանությունը կորցնում է իր ուժը։


 


Այս պայմաններում Իսրայելը կարող է հանդես գալ որպես պատրվակ, պատճառ և արդարացուցիչ հանգամանք, որը Թուրքիային հնարավորություն կտա բազմապատկելու իր ուժերը Սիրիայում։ Հակառակ դեպքում քրդերի զինաթափմանը զուգահեռ թուրքական նոր հենակետերի տեղակայումը նոր պատճառաբանությունների կարիք կունենա։


 


— Այո՛։ Քրդական խաղաքարտի վերափոխումը Միացյալ Նահանգների կողմից, առերևույթ, իրականացվում է Դամասկոս-Սիրիայի ժողովրդավարական ուժեր հարաբերակցության միջոցով՝ Անկարայի ստվերային ներկայությամբ։


 


Այս առումով կարևոր է նաև այն, որ Թրամփը այլ զինաթափումների թղթածրարներ ևս առաջարկում էր հանձնել Դամասկոսին։ Սա կարող է ցույց տալ, որ Վաշինգտոնի ավելի լայն նպատակներից մեկը Սիրիայի իշխանությունների ճամբով Անկարային տարբեր զինված դերակատարների նկատմամբ վերահսկողության աստիճանական փոխանցումն է։


 


Այս ամբողջ գործընթացը, հետևաբար, պետք է դիտարկել ոչ միայն որպես Դամասկոս-քրդական հարաբերությունների վերաձևավորում, այլև որպես տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխություն, որտեղ քրդական գործոնի նախկին դերակատարությունը աստիճանաբար վերափոխվում է։


 

Leave a Comment