Կառավարությունը «Ֆեստիվառի» համար լրացուցիչ մոտ 60 հազար դոլար կհատկացնի

ՀՀ կառավարությունն oգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել լրացուցիչ 23,2 մլն դրամ (մոտ $60 հազար) հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի այս տարվա երրորդ համերգն անցկացնելու համար։ Նիստի հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։ 

Միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսի 29-ին։ Համերգային ծրագրին մասնակցելու են Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը, Աթենա Մանուկյանը, Էմմին, Սիմոնը, Պարգը, Սրբուկը, Արծվիկը և պարային խմբեր։ Կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 10 հազար հանդիսատեսի ներկայություն։


Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացրած նախահաշվով Ճամբարակում միջոցառման իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 51,2 մլն դրամ (շուրջ $132 հազար)։ Ծրագրի բյուջեում առկա էր 28,1 մլն դրամի ($72.5 հազար) մնացորդ, ինչի պատճառով պահանջվել է լրացուցիչ 23,2 մլն դրամի հատկացում։


2026 թվականին «Ֆեստիվառի» շրջանակում արդեն անցկացվել է երկու համերգ՝ Թալինում և Գորիսում։
Փառատոնն իրականացվում է 2023 թվականից։ Համերգներից զատ, ծրագիրը ներառում է տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառքներ և նպատակ ունի զարգացնել մշակութային զբոսաշրջությունն ու ակտիվացնել մարզային տնտեսությունը։ Կառավարության տվյալներով՝ փառատոնի միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է շուրջ 50 հազար, 2024-ին՝ 57 հազար, իսկ 2025-ին՝ 55 հազար մարդ։

Leave a Comment