Եվրամիությանը պետք չէ ԵՄ անդամ Հայաստան․ Բադալյան

Եվրամիությանը պետք չէ ԵՄ անդամ Հայաստան․ Բադալյան

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին կոչ է արել «կեղծ քաղաքականություն» չվարել և կողմնորոշվել՝ ընտրություն կատարելով Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ 

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

-Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է այս հայտարարությունը քաղաքական ճնշման փորձ Հայաստանի նկատմամբ։ 

-Հայտարարությունն ինքնին Ռուսաստանի ամենաազդեցիկ արձագանքը չէ իրավիճակին։ Մենք տեսել ենք, որ նախագահի մակարդակով ևս հարցը շոշափվում է, և ասվում է, որ Երևանից ակնկալվում է մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության թեմայով, ինչպես նաև տեսնում ենք, որ զուգահեռ ընթանում է տնտեսական սահմանափակումների քաղաքականությունը։ Ու, ընդհանուր առմամբ, այս տեսանկյունից Վոլոդինի հայտարարությունը ռուսական քաղաքականության տիրույթում է և, բնականաբար, ամենաազդեցիկ դրսևորումներից մեկը չէ։ Բուն հարցի իմաստով՝ կարծում եմ, և առիթ ունեցել եմ արտահայտվել, որ այս պրոցեսի ներքո գործնականում այդքան էլ «սև-սպիտակ» դիլեմայի տրամաբանություն չէ, այլ ավելի շատ տեղավորվում է այն քաղաքական խաղի շրջանակում, որը մենք տեսնում ենք այսօր բազմակողմ տրամաբանությամբ միջազգային հարաբերությունների դաշտում, բնականաբար, այդ թվում՝ նաև Կովկասի ուղղությամբ։ 

-Հայաստանը միաժամանակ օգտվում է ԵԱՏՄ-ի հնարավորություններից և ընդունում ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքը։ Արդյո՞ք հնարավոր է երկարաժամկետ պահպանել այս երկակի ուղղությունը, թե՞ Հայաստանը, ի վերջո, ստիպված է լինելու հստակ ընտրություն կատարել։ 

-Ես կարծում եմ՝ թե՛ Վոլոդինը, թե՛ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը և թե՛ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը կամ առնվազն վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրական քաղաքականության ռեժիմում շատ լավ պատկերացնում են, որ Հայաստանը բոլորովին ընտրության առաջ կանգնած չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը չունի ԵՄ-ին անդամակցության իրական որևէ հեռանկար։ Եվ սրանից ելնելով է, որ ես մշտապես փորձում եմ հասկանալ, թե ինչ կա այս պրոցեսի տողատակերում և շերտերում, երբ հիմնական դերակատարները (ի դեպ, այդ թվում՝ նաև Եվրամիությունը) շատ լավ հասկանում են, որ անդամակցության թեման պարզապես քաղաքական «ֆեյք» է, որը խաղարկվում է տարբեր նպատակներով։ 

-Իսկ, ըստ Ձեզ, Հայաստանն ինչո՞ւ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցել, ի՞նչն է խանգարում։ 

-Առաջին հերթին՝ Եվրամիության ցանկության բացակայությունը․ Եվրամիությանը բացարձակապես պետք չէ ԵՄ անդամ Հայաստան։ 

-Բայց նշվում է, որ Եվրամիությունը հենց ինքն է անընդհատ հորդորում՝ պետք է անդամակցության հայտը սկսել, իսկ այս պարագայում ինչպե՞ս կարող եք սա մեկնաբանել։ 

-Եթե չեմ սխալվում, 2-3 օր առաջ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է մոտ ապագայում հայտը ներկայացնել։ Նրա հայտարարությունից անցել է մի քանի օր, իսկ մենք ի՞նչ արձագանք ենք լսել Եվրամիությունից։ Արդյո՞ք Եվրամիությունը որևէ քաղաքական բարձրաստիճան մակարդակով ողջունել է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը և ասել, որ վերջապես Հայաստանն արտահայտել է հայտը ձևակերպելու մտադրություն։ Եվ կարծում եմ՝ սա լավագույնս տալիս է այդ հարցի պատասխանը։ 

-Իսկ ինչո՞ւ են կրկին ակտիվացել Կրեմլից հնչող նմանատիպ հայտարարությունները։ 

-Ես չեմ կարծում, որ պասիվության ինչ-որ շրջան կար, և հիմա կա ակտիվություն։ Մենք տեսնում ենք, որ այս թեման, սկսած ապրիլից, կարծես թե բավականին ակտիվ ռեժիմով քննարկվում է, և ես հակված եմ դիտարկելու, որ այս հարցն ավելի շատ պայմանավորված է երկու տողատակային հանգամանքով։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին շատ ավելի անհանգստացնում են Եվրամիության հետ կենտրոնասիական երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի համաձայնություններն ու քննարկումները, որոնք, եթե հանգամանալից դիտարկենք, ապա կտեսնենք, որ գուցե նվազ էպատաժային են, քան, օրինակ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ խոսույթը, բայց շատ ավելի խորքային ու հիմնարար տրամաբանություն և բովանդակություն ունեն, քան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը։ Եվ երկրորդ՝ կարծում եմ, այն լարվածությունն է, որն ուկրաինական թեմայի համատեքստում նկատվում է Եվրոպա-Ռուսաստան տիրույթում։ 

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment