Արվեստագետի դիմանկարի էվոլուցիան՝ «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսում. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը, որը ներկայացնում է արվեստագետի կերպարի տրանսֆորմացիան 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։ Նախագիծը հիմնված է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածույի վրա և բացահայտում է, թե ինչպես է արվեստագետը մասնավոր անհատից վերածվել հանրային ու մշակութային կերպարի։

Ցուցադրությունում ընդգրկված են ավելի քան 50 հայտնի գործիչների՝ Հովհաննես Այվազովսկուց մինչև Մինաս Ավետիսյանի, Արման Գրիգորյանի և այլոց լուսանկարչական դիմանկարները։ Ցուցահանդեսի համադրող և պատկերասրահի լուսանկարչության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի հետ զրուցում ենք հավաքածույի առանձնահատկությունների,  լուսանկարի սոցիալական դերի մասին։

Ըստ Վիգեն Գալստյանի՝ ցուցադրությունը ցույց է տալիս արվեստագետի արմատական փոխակերպումը․ եթե 19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին առաջնային էր «հանճարի» կերպարը, ապա 1920–1930-ական թվականներից այն վերածվում է ճաշակ թելադրողի կամ պրովոկատորի, ինչը զարգանում է մինչև 1950-ականները։ Ցուցադրությունը սկսվում է Այվազովսկուց և հասնում մինչև կին արվեստագետներ, որոնք նախկինում հազվադեպ են եղել ազգային երևակայության մասնիկ, իսկ այսօր առանցքային դեր ունեն մեր մշակույթում։

Այսօր զանգվածային մեդիայի և սոցիալական ցանցերի շնորհիվ արվեստագետի կերպարը ստանում է ամենատարբեր դրսևորումները։ Լուսանկարները պերֆորմանսային են, քանի որ լուսանկարվողը  գիտակցում է ով է իևշրեն դիտողը և ինչու է նա լուսանկարվում։ Այդ պատճառով, որոշ առումով բոլորն էլ դարձել են «արվեստագետներ», – նշում է Վիգեն Գալստյանը։

Համադրողը վստահեցնում է․«Որպես լուսանկարչության բաժնի համադրող՝ իմ նպատակն է մեր հավաքածուն դարձնել տարածաշրջանում առաջատար և դրա  բոլոր հիմքերը կան»։  

Leave a Comment