Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում դասերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը, տեղեկանում ենք Իրավական ակտերի հրապարակման կայքում տեղադրված փաստաթղթից։
Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերին նման առաջարկով հանդես էր եկել Երևանի քաղաքապետարանը։ Ավելի ուշ ընդունված որոշման շուրջ, որով արգելվել է 1-6-րդ դասարանի աշակերտներին հեռախոս տանել դպրոց,Armenia Today-ը հարցում էր իրականացրել, որտեղ քաղաքացիների կարծիքները կիսվել էին։
Դպրոցներում սմարթֆոնների օգտագործումը լրիվ կամ մասնակի արգելող կամ սահմանափակումներ կան աշխարի տարբեր երկրներում։
Ֆրանսիայում 2018 թվականից արգելված է հեռախոսների օգտագործումը մինչև 15 տարեկան աշակերտների համար։ Նիդերլանդներում գործում են համապետական արգելքներ դասերի ընթացքում սմարթֆոնների կիրառման շուրջ։
Չինաստանն ուշադրության կենտրոնացումը բարձրացնելու նպատակով 2021 թվականից համազգային արգելք է սահմանել գաջեթների կիրառման վրա։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի դպրոցներում հեռախոսների օգտագործումը լիովին արգելված է։ Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ԱՄՆ–ի մի շարք նահանգներում գործում են պաշտոնական ուղեցույցներ կամ տարածաշրջանային արգելքներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի տվյալներով՝ աշխարհի երկրների ավելի քան կեսն արդեն իսկ օրենսդրորեն կամ ազգային մակարդակով սահմանափակել է սմարթֆոնների օգտագործումը ուսումնական հաստատություններում։
Կարդացեք նաև՝
Երևանի քաղաքապետարանն առաջարկել է արգելել 1-6-րդ դասարանի աշակերտներին հեռախոս տանել դպրոց
