«Առանց ահաբեկչության Թուրքիայի» գործընթացի նպատակների իրականացումը երկրի և ամբողջ տարածաշրջանի համար նոր ժամանակաշրջան կբացի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի Ախլաթ քաղաքում՝ Մանազկերտի ճակատամարտի 955-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Էրդողանի խոսքով՝ գործընթացի հաջողության դեպքում կամրապնդվեն Թուրքիայի տնտեսությունն ու «ներքին ճակատի դիմադրողականությունը, իսկ Սիրիայում և Իրաքում կարող են ձևավորվել խաղաղության ու կայունության համար անհրաժեշտ պայմաններ»։
«Սիրիան և Իրաքը, առաջին հերթին, կստանան այն խաղաղությունն ու կայունությունը, որոնց տարիներ շարունակ սպասել են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ գործընթացից շահելու են ոչ միայն Թուրքիայի քաղաքացիները, այլև տարածաշրջանի թուրք, քուրդ և արաբ ժողովուրդները։ Նա գործընթացը որակել է պետական, այլ ոչ թե միայն իշխանության և իշխող դաշինքի խնդիր։ Նա քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և տարածաշրջանի ազդեցիկ գործիչներին կոչ է արել մասնակցել դրա իրականացմանը՝ զգուշացնելով, որ գործընթացը խոչընդոտելու փորձերը պատասխանատվություն են առաջացնելու։
Խոսքը Թուրքիայի խորհրդարանի ընդունած «Ազգային համերաշխության և հասարակական ինտեգրման ամրապնդման մասին» օրենքի մասին է։ Օրենքի կիրառման նախապայմաններից է, որ անվտանգության մարմինները հաստատեն Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի, ինչպես նաև դրա հետ կապված Քրդստանի համայնքների միության՝ KCK-ի և հարակից կառույցների փաստացի գործունեության դադարեցումն ու նրանց վերահսկողության տակ գտնվող ամբողջ զենքի և զինամթերքի հանձնումը։
PKK-ն քրդական զինված կազմակերպություն է, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Թուրքիայի իշխանությունների դեմ։ Թուրքիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը այն ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
2025 թվականի փետրվարին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել կազմակերպությանը վայր դնել զենքը և ինքնալուծարվել։ Դրանից հետո PKK-ն հայտարարել էր հրադադարի, ապա՝ ինքնալուծարման մասին, իսկ հուլիսին տեղի էր ունեցել կազմակերպության անդամների կողմից զենքի հանձնման առաջին արարողությունը։ Հոկտեմբերին PKK-ն հայտարարել էր իր ուժերը Թուրքիայի տարածքից դուրս բերելու մասին՝ դրանք տեղափոխելով Իրաքի հյուսիս։
