Գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը 1993թ․–ին Հայ բարեգործական ընդհանուր միությունից (ՀԲԸՄ) Սիրիայում աշխատելու հրավեր է ստանում։ ՀԲԸՄ–ի հիմնադրած Մարտիրոս Սարյանի անվան ստուդիայում նկարչություն պետք է դասավանդեր։ Սիրիա տեղափոխված նկարիչն այնտեղ դասավանդմանը զուգահեռ սկսում է ազգագրությամբ զբաղվել։ «Ազատ ժամանակ շատ ունեի և ուսումնասիրության համար պարարտ հող կար։ Ում տունը մտնում էիր՝ մի հրաշալի ձեռագործ կախված էր պատից։ Հանդիպումից հանդիպում հասունացավ այն միտքը, որ դրանք պետք է հրատարակել և ակամա ներգրավվեցի այդ գործում»,– ասում է նա։
Շուրջ 22 տարի Սիրիայում բնակվելուց հետո Հ․ Թոքմաջյանը Հայաստան վերադարձավ մի քանի հատոր գրքերով։ Դրանցում ամփոփված էին Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիայի տարբեր շրջաններից Սիրիայում վերաբնակություն հաստատած հայուհիների ձեռագործներն ու պղնձագործ վարպետների աշխատանքները։ Վերջին գիրքը` «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակը, կազմել էր Սիրիայում, այն 2015թ․–ին հրատարակվեց Երևանում։ Երկլեզու՝ հայերեն և անգլերեն, գրքերում ներկայացրել է հայուհիների անվանական գործերը՝ նրանց լուսանկարներով, ծննդյան և մահվան թվականներով, ձեռագործ աշխատանքներով, պատմական և վերլուծական բաժիններով:
Պարոն Թոքմաջյան, ի՞նչ եք ամփոփել ստվարածավալ հատորներում։
Գրքում ներկայացրել եմ Սիրիայում բնակվող հայուհիների ասեղնագործությունները, նաև՝ 174 կանանց ասեղնագործ աշխատանքները, որոնք Այնթապից իրենց հետ Հալեպ էին տարել։ Իմ հավաքագրած աշխատանքների հիմնական կարևորությունն այն է, որ բոլորի հեղինակները հայտնի են։ Իմ հրապարակած բոլոր ձեռագործներն աչքովս տեսել, ձեռքով շոշափել եմ։ Տներից ձեռագործները վերցրել եմ, տարել լուսանկարչական ստուդիա՝ լուսանկարելու համար և վերադարձրել եմ։ Ամեն ընտանիք 10–20 ձեռագործ էր ցուցադրում, դրանց հիմնական մասը լուսանկարել եմ, բայց մի մասն ենք հրատարակել։ Գրքերի համար ընտրել ենք ամենալավ վարպետների ամենաճաշակով արված աշխատանքները։
Առաջինը «Մարաշի ասեղնագործությունը» երկհատորյակն է հրատարակվել Սիրիայում՝ դարձյալ երկլեզու։ Տպագրությունը հովանավորել են «Մարաշ» հայրենակցական միությունը և «Գերմանիկ Վասպուրական» մշակութային միությունը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մեծ խանդավառությամբ ընդունեց «Մարաշի ասեղնագործությունը» գիրքը, խնդրեցին շարունակել հավաքչական աշխատանքը։ Այնուհետև, Բերիո թեմի (Հալեպ) առաջնորդ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի հովանավորությամբ հրատարակվում է «Ուրֆայի ասեղնագործությունը» գրքի առաջին հատորը (երկրորդ մասը դեռևս չի հրատարակվել)։ Դրան հաջորդում է Հալեպում կազմված «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակի հրատարակումը, որի հովանավորը Հալեպի Հայ կրթասիրաց մշակութային միությունն էր։
Արևմտյան Հայաստանում այդքան զարգացած ասեղնագործությունը, այսօրվա բառեզրույթով, բրենդի վերածվե՞լ էր։
Եթե խոսքը Հայոց ցեղասպանությունից առաջ եղած իրավիճակի մասին է, ապա պիտի խոսենք Օսմանյան կայսրության մասին: Օսմանյան կայսրության գավառական շրջաններում եղել է տեղական ասեղնագործություն, տեղական նշանակությամբ: Մեծ կենտրոններում, քաղաքներում բարձրաշխարհիկ ասեղնագործություն է եղել: Այնտեղ գործել են արտելներ, արհեստանոցներ, որտեղ աշխատել են պրոֆեսիոնալներ, ունեցել են իրենց ոճաբանները, դիզայներները և այլն: Օրինակ, Պոլսի Գալֆայանների արտելից վարպետներ են հրավիրել Եգիպտոսի արքայադստեր օժիտը պատրաստելու համար։ Այսինքն՝ նաև երկրից դուրս հեղինակություն ու համբավ ունեին, բայց դա ներկայացվել է որպես Օսմանյան կայսրության մշակույթ։ Օսմանյանը բազմազգ մշակույթ է եղել, այնտեղ ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և այլ ժողովուրդներ, նրանց բոլորի մշակույթը ներկայացվում էր որպես Օսմանյան կայսրության մշակույթ։
Այդ շրջանի վարպետներից ո՞ւմ աշխատանքներն են Ձեզ առավել տպավորել, դրանք ընդգրկե՞լ եք գրքում:

Սիրանուշ Մանուկյան
Մարաշցիներից կարող եմ Սիրանուշ Մանուկյանի անունը նշել, որն ինքնատիպ, բացառիկ ճաշակով ու հետաքրքիր աշխատանքներ է արել։ 1918թ․–ին, երբ դաշնակիցները պարտության մատնեցին Օսմանյան կայսրությանը, այդ ժամանակ Կիլիկիայի քաղաքները՝ Այնթապը, Մարաշը և այլ բնակավայրեր, ազատագրվեցին։ Այդտեղ տեղակայվեցին Անգլիայի, հետո Ֆրանսիայի զորքերը։ Ֆրանսիացիների ժամանակ ցեղասպանությունից վերապրածները որոշեցին վերադառնալ իրենց քաղաքները, բայց մի քանի տարի կարողացան ապրել այնտեղ։ Քեմալական շարժումը սկսվեց, նորից հարձակվեցին այդ քաղաքների վրա։ Ֆրանսիացիները լքեցին քաղաքները, այդ ընթացքում հայերը մի անգամ էլ կոտորվեցին: Սիրանուշ Մանուկյանն այն մարաշցիներից է, որը քեմալականների ձեռքից մազապուրծ հասել է Արևմտյան Հայաստանի Ալեքսանդրետ քաղաք (ներկայումս՝ Իսքենդերուն)։ 1936թ․–ին ամուսնացել և ապրել է այնտեղ, հետո տեղափոխվել է Հալեպ, այնտեղից էլ՝ Ղամիշլի։ Ղամիշլիում բնակվող նրա աղջիկը պահպանել էր մոր և մորաքրոջ ձեռագործ աշխատանքները։ Դրանք լուսանկարել և հրատարակել եմ։ Այնթապցիների մեջ նույնպես բացառիկ ճաշակով վարպետներ կան։ Նրանցից կարող եմ հիշատակել Տուտու Մավյան–Ադամյանին, որն աներևակայելի գեղեցիկ ձեռագործներ է արել։
Ինչո՞վ են առանձնանում այդ քաղաքների ասեղնագործությունները, ինչո՞վ են տարբերվում միմյանցից, և ինչպե՞ս են բնութագրում տեղանունները։
Այդ ձեռագործները մեր ազգային նկարագրի արտահայտությունն են: Հայկական ասեղնագործությունը բազմաթիվ դպրոցներ ունի․ այդ քաղաքները՝ Մարաշը, Այնթապը, Ուրֆան, որոնց ձեռագործ աշխատանքներն ուսումնասիրել եմ, միմյանցից տարբերվում են և՛ իրենց հորինվածքներով, և՛ գունային կառուցվածքով, և՛ զարդաձևերով, և՛ ասեղնագործության տեխնիկայով՝ հատվածքով։ Դրանք պատմականորեն ձևավորված տարբերություններ են։ Բացատրությունն այն է, որ Կիլիկիայի հայությունը հավաքական ժողովուրդ է։ Անիի և Վասպուրականի թագավորությունների կործանումից հետո տարբեր շրջաններից հայերը գաղթեցին դեպի Արևելք՝ իրենց հետ տանելով ավանդական ձեռագործ աշխատանքները։ Այդ կարաձևերի ծագումնաբանությունը հուշում է, որ դրանք գալիս են նախաքրիստոնեական ժամանակներից։ Այնպես որ, հայերի մոտ ասեղնագործելու առարկաները՝ կերպասը, հագուստը, տարազը գեղազարդելու սովորությունը գալիս է հնագույն ժամանակներից։ Հետո մեր գավառներում, քաղաքներում, նաև առանձին կենտրոններում կատարելագործվել և նոր որակի են հասցվել:
Նշեցիք, որ այդ կարաձևերի ծագումնաբանությունը շատ ավելի հին է, քան Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում տարածում գտնելը։ 2025թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանում Այնթապի ասեղնագործությունը ճանաչվեց որպես Թուրքիայի ոչ նյութական մշակույթի մաս։ Ձեր հեղինակած «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակը ՅՈՒՆԵՍԿՕ–ին ներկայացնելով՝ Հայաստանը կարո՞ղ էր հիմնավորել այդ կարատեսակի հայկական պատկանելությունը։
Քանի որ այդ հարցը մեծ աղմուկ բարձրացրեց, ուզում եմ հետևյալն ասել․ չենք կարող դեմ կանգնել թուրքերին։ Մենք մեր մշակույթով պետք եղած լրջությամբ չենք զբաղվում: Հայ ժողովուրդն անսահման ստեղծագործական եռանդ ունեցող ժողովուրդ է։ Հազարամյակներ շարունակ ինչ ասես ստեղծել է, բայց չի կարևորում, թե իր ստեղծածն ինչ է լինում։ Հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված հարց է առաջանում՝ ակտիվանում ենք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եթե չգրանցեր՝ ոչ ոք Այնթապի ասեղնագործության մասին չէր հիշելու։ Մե՛նք պիտի նախանձախնդիր լինենք այդ հարցում, զբաղվենք մեր մշակույթով՝ անկախ նրանից, թե հարևաններն ինչ են անում։ Այդ ձեռագործները հավաքեցինք և հրատարակեցինք Հալեպում՝ տեղի հայրենակցական միությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, Հայաստանից դուրս, Սփյուռքում հրատարակեցինք։ Լավ է, որ դա արվեց մինչև Սիրիայի պատերազը, հիմա չէինք կարող անել։
Երկրորդը՝ Այնթապինը թելքաշ ասեղնագործության տեսակ է, դրանով զբաղվել են տարբեր ազգություններ, այդ թվում նաև Այնթապում ապրող թուրքերը։ Առայսօր նրանք շարունակում են թելքաշ ասեղնագործությունը։ Այնթապում կային նաև դավանափոխ հայեր, նրանք դավանանքը փոխելուց հետո էլ շարունակել են ասեղնագործել, բայց արդեն թուրք են ներկայացել։ Հիմա որքան էլ ցանկանաս ապացուցել, որ այն ժամանակ միայն հայերն էին ձեռագործով զբաղվում՝ չի լինի։ Այնթապը նախևառաջ նշանավոր է եղել տեքստիլ արդյունաբերությամբ։ Գործն այնքան հաջողություն է ունեցել, որ թել մանելու համար հայ աղջիկները չեն բավականացրել, նաև թուրքերին են տվել, որ մանեն։ Նրանք էլ այդպես սովորել են ու փոխանցել միմյանց։ Այդպես կտրուկ սահմաններ գծելը բարդ է, թելքաշ կարատեսակ ունեցել են նաև հույները և այլ ժողովուրդներ: Այսպիսի հարաբերությունների օրինակներ կան Սիրանուշ Մանուկյանի մոտ։ Ղամիշլին, որտեղ նա ապրել է, հիմնականում, քրդաբնակ էր: Աղջիկը պատմում էր, որ հարևան քրդուհիները շատ են հավանել նրա ձեռագործները և Սիրանուշին խնդրել են, որ իրենց Մարաշի ասեղնագործությունը սովորեցնի:
«Այնթապի ասեղնագործությունը» գրքի առաջաբանում ներկայացրել եմ, թե հիմա Թուրքիայում ինչ ասեղնագործություն են անում։ Սակայն, երբ հայկական գործերի հետ կողք–կողքի ես դնում՝ տարբերությունները նկատելի են։ Դա զգացվում է, որովհետև թուրքական մոտեցումը, նրանց հավաքական ճաշակը տարբեր է հայերի հավաքական ճաշակից և մոտեցումից։
Եթե մեր և թուրքերի ձեռագործ աշխատանքներում տարբերությունները նկատելի են՝ կհակադրվե՞նք թուրքերին, եթե Ձեր հավաքագրած Մարաշի, Այնթապի, Ուրֆայի ձեռագործները ցանկանանք ՅՈՒՆԵՍԿՕ–ում գրանցել որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգություն։
Երբ թուրքերը նախաձեռնել էին Այնթապի կարատեսակի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մեր ներկայացուցիչը Հայաստանին պետք է տեղյակ պահեր դրա մասին, սակայն կարևորություն չի տվել։ Քանի որ խոսքը ոչ նյութական մշակութային ժառանգության՝ ավանդույթի մասին է, թուրքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ասում են, որ իրենք 100 տարի առաջ այսպիսի ձեռագործ էին անում և հիմա էլ են անում։ Այն ժամանակ հայերն էլ պիտի ներկայացնեին և հիմնավորեին, որ Հայաստանում սա մեզ համար ավանդական զբաղմունք է։
Կիսո՞ւմ եք մասնագետների կարծիքը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելը դեռևս չի նշանակում որևէ պետության սեփականություն, այլ այդ տարածքում ստեղծված:
Այո, կիսում եմ։ Այնթապի ասեղնագործությունը ոչ միայն այդ տարածքում է ստեղծվել, այլև իրենք 100 տարի դա անում են, նշանակում է նաև իրենցն է: Ես իմ գրքում հրապարակել եմ Վենետիկի վանքերից մեկում Այնթապի թելքաշ եղանակով գործված ծածկոց։ Դրանից պետք չէ ընկճվել։ Այստեղ քաղաքի անվան հետ կապված հարց կա, երբ ասեղնակարը ներկայացնում ես քաղաքի անունով։ Այնթապը միջազգայնորեն ճանաչված Թուրքիայի քաղաքն է՝ Գազիանթեփ անունով։ Եթե ասեինք, որ Այնթապի ասեղնագործությունը, որը թուրքերը ներկայացնում են, դա թելքաշ տեխնիկան է, և մենք էլ ունենք մեր թելքաշ տեխնիկան, կարելի էր այդ հարցն առաջ տանել։
Մեր մշակույթը, ավանդույթներն, արդյոք, հեշտությամբ չե՞նք զիջում, երբ դրանք այլ ազգերի անունից են ներկայացվում։ Օրինակ, երբ ադրբեջանցիներն արցախյան գորգերն ադրբեջանական են ներկայացնում աշխարհին։ Արդյոք այդպես մի օր մենք չենք դառնա այն քոչվորը, որին կմեղադրեն իրենց մշակույթը յուրացնելու մեջ։ Այդ զիջումները հիմք չե՞ն դառնա, որ հայերից պահանջեն դադարեցնել յուրացնել «իրենց մշակույթը»։
Այդ ամենի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, խոսենք օբյեկտիվից․ կա պետականությունների պատմություն և կա մշակույթի պատմություն, որոնք շատ տարբեր են։ Ժողովուրդը կարող է պետականություն չունենալ, ինչպես քրդերը, բայց իրենց բնորոշ մշակութային երևույթներն ունեն։ Այսօրվա աշխարհակարգն այնպիսին է, որ պետական սահմաններով են առաջնորդվում, իսկ այդ սահմանները որքան անարդար են գծվում, այնքան ավելի անարդար են մշակութային հարցերում։ Տասը տարի առաջ Արցախն անկախ էր, և այդ գորգերն արցախյան էին։ Հիմա ադրբեջանցիները գրավել են երկիրը, տասը տարվա մեջ նույն գորգը դարձավ ադրբեջանական։ Քանի որ մենք անընդհատ ուզում ենք ինչ-որ վերին դռանը բան ապացուցել, այդքան իրենք անտարբեր են դառնում, որովհետև իրենց քաղաքական շահերն ունեն։ Այսօր Եվրոպան այնքան է կախված Ադրբեջանից, որ ինչն էլ ասեն ադրբեջանական է՝ նրանք կհամաձայնեն, որովհետև գազը պիտի հասնի Եվրոպա։ Այնպես որ նրանցից օբյեկտիվություն սպասել պետք չէ:
Մեկ ուրիշ էական հարց կա․ ես որոշ վերապահում ունեմ միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահեղ դատաստանի օ՞րն է, ընդամենը միջազգային հասարակական կազմակերպություն է։ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ինչո՞ւ չի դատապարտում Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այդ կազմակերպության ղեկավարներն ասում են՝ ի՞նչ կարող ենք անել, մենք հասարակական կազմակերպություն ենք։ Այդ դեպքում, ինչի՞ համար է այս ամբողջ աղմուկը։
Բացի այդ, մենք թուրքական հասարակությունը լավ չենք ճանաչում, իրենց ժողովուրդն անհամեմատ ավանդապահ է և ավելի կազմակերպված: Այդ ավանդապահությամբ նրանք ձեռագործն էլ իրենցը կդարձնեն, ուրիշ բաներ էլ: Նրանց կազմակերպվածությունը գալիս է պետության մոտեցումից: Այդ հարցում զիջում ենք նրանց: Թուրքերը պետականության համար հարմար ժողովուրդ են, մենք՝ ոչ։ Նրանք ապացուցում են, որ մեծ երկիր լինելու իրավունք ունեն՝ մի շրջանում որպես կայսրություն, մյուսում՝ որպես հանրապետություն:
Երբ տեղափոխվեցիք Սիրիա՝ հայերն արդեն մոտ մեկ դար ապրում էին այնտեղ։ Սիրիահայերը պահպանե՞լ էին ասեղնագործելու ավանդույթները, ասեղնակարերի տեսակները փոխանցո՞ւմ էին երիտասարդ կանանց ու աղջիկներին։
Ի տարբերություն հայաստանյան միջավայրի, այդ տեսակետից Սիրիան անհամեմատ հետաքրքիր էր, որովհետև պահպանել էր ավանդական մթնոլորտը։ Այնտեղ մինչև վերջին շրջանը օժիտ պատրաստելու, օժիտ ցուցադրելու սովորությունը կար։ Օրինակ, մարաշցիները, երբ օժիտ էին տանում, անպայման պիտի Մարաշի ասեղնագործությամբ հողաթափեր տանեին փեսային։ Հիմա մի քիչ ծիծաղելի է թվում, բայց մինչև 90-ական թվականները դա եղել է, ընկերներիցս մեկն այդ հողաթափերն ինձ ցույց է տվել։
Ասեղնագործելու ավանդույթն իրենք պահպանել են, բայց ավելի փոքր ծավալով։ Նախ՝ ասեղնագործության մեծ ծավալներ ստանալու հիմնական պատճառը եղել է թշվառությունը։ Դա սկսվել է Համիդյան ջարդերից հետո, երբ տղամարդկանց կոտորել են՝ ընտանիքներին կերակրելու հոգսը ստանձնել են կանայք ու աղջիկները: Օսմանյան կայսրության շրջանում, եվրոպացի միսիոներների կազմակերպած բազմաթիվ կենտրոնները մեծ դեր են կատարել այդ հարցում։ Այնթապում, Մարաշում և Ուրֆայում ստեղծված ձեռագործներն ուղարկել են Եվրոպա՝ վաճառելու, այդ եկամուտով մարդիկ կերակրել են ընտանիքներին: Այս ընթացքը շարունակվել է նաև 1922-ից հետո, երբ հայ գաղթականների հոծ զանգվածները հաստատվել են Սիրիայում:
Սիրիայում նույնպես ձեռագործ աշխատանքներն ապրուստի միջոց են եղել: Հետագայում՝ մինչև 1960-70-ական թվականները, երբ գաղթականների առաջին սերնդի զավակներն աշխատանք ունեցան, ձեռագործները սկսեցին պակասել։ Ովքեր բարեկեցության էին հասնում, մայրերին չէին թողնում ձեռագործով զբաղվել, որովհետև այն տաժանակիր աշխատանք է։ Կանայք տանը կարարվեստի վարպետությունը փոխանցում էին իրենց աղջիկներին։ Բացի այդ, տարբեր քաղաքներից եկածներն, ամեն մեկն իր հայրենակցական միությունն էր հիմնել, ունեին եկեղեցիներ, դպրոցներ և բոլոր տեղերում դասընթացներ էին կազմակերպում։ Տարին մի քանի անգամ ցուցահանդեսներ էին անում։ Ամենակարևորն այն է, որ դրանք ձևական չէին։
Սիրիահայերի վերադարձով Հայաստան ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը, կարծես, բավականին մեծացավ։ Խմբակներ են գործում, տարբեր տարիքի կանայք են ընդգրկվում դրանցում, ուզում են ավանդականը պահպանել։
Այո, նկատել եմ, սիրիահայերն ասեղնագործության ոլորտում մթնոլորտ ստեղծեցին Հայաստանում։ Հայ օգնության խաչը մշտական դասընթացներ է կազմակերպում, միջոցառումներ են անում և այլն։ Նրանցից առաջ էլ ունեինք խմբակներ, բայց իրենց գալն իսկապես աշխուժացրեց։ Իմ գրքերից ամենաշատ տարածվածը, կարծում եմ, «Մարաշի ասեղնագործությունն» է։ Շատ ուրախ եմ, որ այն գործնական կիրառություն ունեցավ: Գիտեմ, որ Մեղրիից մինչև Տավուշ կանայք Մարաշի կար են սովորում, բայց սա էլ մի ուրիշ ծայրահեղություն է։ Ինչո՞ւ չեն ուսումնասիրում, թե Տավուշում 100 տարի առաջ ինչ կարատեսակ են ունեցել և դա վերակենդանացնեն։ Բազմազանություն պետք է լինի, որպեսզի մարզերի հուշանավերների խանութում նույնը չտեսնեն, ինչ Վերնիսաժում է վաճառվում։ Ինչո՞ւ այնտեղ չլինի մի բան, որը հենց Տավուշին կամ Սյունիքին է բնորոշ։
Լուսանկարները՝ Հրազդան Թոքմաջյանի արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter