
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բանակցություններ է անցկացրել Բահրեյնի ֆինանսների և ազգային տնտեսության նախարար, շեյխ Սալման բեն Խալիֆա Ալ Խալիֆայի հետ՝ «Տնտեսական մեկուսացում» գործողության հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում Բեսենթը շեշտել է, որ Իրանին չպետք է թույլ տալ սպառնալ միջազգային առևտրին կամ Հորմուզի նեղուցն օգտագործել որպես համաշխարհային տնտեսության վրա ճնշում գործադրելու միջոց։ Նա նաև հայտարարել է Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ ֆինանսական ճնշումը պահպանելու և Թեհրանին ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ԱՄՆ-ի, Բահրեյնի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների և միջազգային գործընկերների սերտ համակարգումը՝ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու և տնտեսական անվտանգությունն ամրապնդելու նպատակով։