Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա հետախուզական ծառայությունների, պետությունների կամ կառույցների ներթափանցմանը հակազդելու օրինագծի ընդհանուր դրույթներինб հայտնել է խորհրդարանի պաշտոնական լրատվական ծառայությունը:
Առայժմ ընդունվել են միայն ընդհանուր դրույթները, իսկ նախագծի հոդվածները դեռ պետք է քննարկվեն։
Tasnim-ի տվյալներով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել օտարերկրյա քաղաքացիների և կառույցների հետ կապերի գրանցման ու վերահսկման առցանց համակարգ։
Օրինագիծը պատասխանատվություն է նախատեսում նաև ԱՄՆ-ի, Իսրայելի կամ նրանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին հարցազրույց տալու, տեղեկություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ փոխանցելու համար։ Նման գործողությունների համար առաջարկվում է սահմանել վեց ամսից երկու տարվա ազատազրկում, գրել է The Guardian-ը՝ հղում անելով նախագծի տեքստին։
Նախագծի համաձայն՝ այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ հարցազրույցների կամ նրանց տեղեկություններ փոխանցելու մասին քաղաքացիները պետք է տեղեկացնեն Իրանի հետախուզության նախարարության համապատասխան համակարգին։ Սահմանափակումները կարող են վերաբերել նաև օտարերկրյա դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ որոշ կապերի։
Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ Թորբաթ Հեյդարիեի պատգամավոր Մոհսեն Զանգանեն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ նախագիծը միջամտում է տնտեսական և մշակութային ոլորտներին, իսկ 3-րդ հոդվածով նախատեսված գրանցման և թույլտվությունների համակարգը կարող է խոչընդոտել տնտեսական գործունեությանը։
Իրանի կառավարությունը ևս դեմ է նախագծին։ Նախագահի իրավական հարցերով տեղակալ Մաջիդ Անսարին հայտարարել է, որ փաստաթուղթը հակասում է քաղաքացիների իրավունքներին և անհատական ազատություններին վերաբերող սահմանադրական դրույթներին, կարող է սահմանափակել գիտական համագործակցությունը և նպաստել մասնագետների արտագաղթին։
Իրավապաշտպանները զգուշացրել են, որ նախագծի լայն ձևակերպումները կարող են օգտագործվել ոչ միայն լրագրողական աշխատանքի, այլև գիտական, հասարակական և առօրյա հաղորդակցության սահմանափակման համար։ Իրավաբան Մոին Խազայելին նշել է, որ որոշ դրույթներ կարող են տարածվել անգամ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող սոցիալական հարթակներում հաղորդակցության վրա։
Նախագիծն առայժմ օրենքի ուժ չունի։ Խորհրդարանը պետք է քննարկի և ընդունի դրա առանձին հոդվածները, իսկ վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը։
Օտարերկրյա ազդեցության կամ «օտարերկրյա գործակալների» գործունեությունը կարգավորող օրենքներ գործում են տարբեր երկրներում, սակայն դրանց շրջանակը տարբերվում է։ ԱՄՆ-ում FARA-ն վերաբերում է օտարերկրյա պատվիրատուի անունից քաղաքական, հանրային կապերի կամ շահերի ներկայացման գործունեություն իրականացնող անձանց գրանցմանն ու նրանց կապերի բացահայտմանը։ Ռուսաստանում «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության վերահսկման մասին» օրենքը կարող է տարածվել նաև լրատվամիջոցների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա։
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը գրանցման և ֆինանսական հաշվետվությունների պահանջներ է սահմանում արտասահմանյան ֆինանսավորում ստացող որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Իրանական նախագիծն ավելի լայն է, քանի որ պատասխանատվություն է նախատեսում նաև օտարերկրյա լրատվամիջոցների հետ որոշ շփումների և նրանց նյութեր փոխանցելու համար։
