ՀՀ իշխանությունները չեն կարող միջամտել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ընտրության կամ հրաժարականի հարցերին, ասվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և խորհրդարանի անդամներին ուղղված նամակում։
Նամակը վերաբերում է կառավարության 2026-2031 թվականների ծրագրի՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վերաբերյալ դրույթներին։ ՀԲԸՄ-ն նշել է, որ ծրագրի՝ ՀԱԵ-ին վերաբերող դրույթները լուրջ մտահոգություններ են առաջացնում։
ՀԲԸՄ-ն ընդգծել է, որ եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է քրիստոնեական հավատքը, հայկական ինքնությունը և ամբողջ աշխարհի հայերի միասնությունը՝ պահպանելով ինքնակառավարման անկախ համակարգը։
«Այս պատմական ավանդույթի, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության և օրենքների, կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշների և կանոնական իրավունքի համաձայն, կառավարության ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող դրույթները, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության հարցերը, ինչպես նաև եկեղեցական կանոնադրության ընդունումը, չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից», – հայտարարել է ՀԲԸՄ-ը։
Կազմակերպությունը կոչ է արել Ազգային ժողովին մերժել կառավարության առաջարկը՝ միջամտելու այս հարցին և հավատարիմ մնալ եկեղեցական կառավարման դարավոր սկզբունքներին։
Օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել էր կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Այն կառավարության հավանությանն էր արժանացել օգոստոսի 20-ին։ Ծրագիրը հիմնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում առաջ քաշված «Իրական Հայաստան» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և երկրի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման գաղափարախոսության վրա։ Փաստաթղթում նաև ներառված են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կաթողիկոսական գահից հեռացնելու և Հայ առաքելական եկեղեցին բարեփոխելու խնդիրները։