ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ տնտեսական ճնշումն էապես ընդլայնում է։ Ֆինանսների նախարարը սպառնացել է Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգից դուրս թողնել այն երկրներին, որոնք կշարունակեն գործարքներ իրականացնել Իրանի հետ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
-Ինչպես գիտենք, Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և առևտրաշրջանառությունն Իրանի հետ շատ ակտիվ է։ ԱՄՆ-ի այդ դիրքորոշման դեպքում ինչպե՞ս եք տեսնում հայ-իրանական համագործակցությունը։
-Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի կառավարության որոշումը կարող է ազդել Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների վրա, որովհետև Հայաստանն Իրանի հետ զգայուն ապրանքների առևտուր չի անում, այսինքն՝ Իրանից չի ներկրում կամ Իրան չի արտահանում այնպիսի ապրանքներ, որոնք կարող են Հայաստանը ներառել պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ-ն հիմնականում պատժամիջոցներ է կիրառում այն երկրների դեմ, որոնք Իրանից նավթ են գնում։ Քանի որ Իրանը հիմնականում նավթ է արտահանում, ԱՄՆ-ն նավթի վրա է իր հիմնական շեշտը դնում և նախկինում բազմիցս նշել է, որ պատժամիջոցներ կկիրառի այն երկրների դեմ, որոնք Իրանից նավթ կգնեն։ Եվ որոշ դեպքերում դա ազդել է։ Օրինակ՝ Հարավային Կորեան, որն իրանական նավթի խոշոր գնորդներից էր, տարիներ առաջ, տուրք տալով Թրամփի հորդորներին, հրաժարվեց իրանական նավթ գնելուց։ Իսկ Հայաստանն Իրանից նավթ չի գնում. հետևաբար, կարծում եմ, սա Հայաստանի վրա չի ազդի։ Ընդհանուր առմամբ, Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալներն այդքան էլ մեծ չեն, դրանք մեծ թիվ չեն կազմում, և դրանք այնպիսի ապրանքներ չեն, որոնք կներառվեն պատժամիջոցների ցանկում։
-ՀՀ-ն ինչպե՞ս պետք է վարվի նման դեպքում, երբ մի կողմից անմիջական հարևանի հետ հարաբերություններն են, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն, որի հետ ևս կա սերտ համագործակցություն և իրականացվում են տարածաշրջանային ծրագրեր։
-Հայաստանը պետք է ուղղակի չեզոքություն պահպանի, պետք է զգույշ մանևրի, որպեսզի չհայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո։ Եվ եթե որոշ դեպքերում էլ ինչ-որ հարցեր խնդրահարույց լինեն, պետք է աշխատենք ԱՄՆ-ի կառավարության հետ։ ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում բազմիցս Հայաստանի հարցում բացառություն են արել՝ երբեմն աչք փակելով Հայաստան-Իրան հարաբերությունների որոշ դրվագների վրա։ Օրինակ՝ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը տարիներ առաջ մտահոգում էր ամերիկյան պաշտոնյաներին. ԱՄՆ-ի կառավարության որոշ ներկայացուցիչներ երբեմն ակնարկներով կամ բաց տեքստով ասում էին, որ իրենց համար անընդունելի է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես՝ Իրանից գազի գնումը, բայց Հայաստանը կարողացավ ճիշտ աշխատանք կատարել և ամերիկյան կառավարությանը համոզել, որ դա միայն էներգետիկ համագործակցություն է, ոչ ավելին, և ամերիկացիներն արդեն աչք են փակում իրանական գազի ձեռքբերման վրա։ Նույնն էլ այս դեպքում․ եթե որոշակի խնդիր լինի, պետք է աշխատենք ամերիկյան կառավարության հետ, և դա հնարավոր է։ Պարզապես պետք է ճկունություն ցուցաբերենք և աշխատենք ամերիկյան կառավարության ու Իրանի իշխանությունների հետ, որպեսզի չհայտնվենք այդ երկու տիտանների բախման մեջտեղում։
-Նաև ակտիվ փուլ են մտել «TRIPP» նախագծի իրականացման աշխատանքները։ Այս պարագայում «TRIPP»-ի աշխատանքները չե՞ն տուժի։
-Ես կարծում եմ՝ «TRIPP»-ը կշարունակի իրագործվել, աշխատանքները կշարունակվեն։ Իհարկե, որոշ դեպքերում Իրանի դուրը կարող է դա չգալ, բայց չեմ կարծում, թե դրանից պետք է ողբերգություն սարքել։ «TRIPP»-ը, կարծում եմ, Հայաստանի շահերից բխող նախագիծ է։ Իրանի որոշ շրջանակների դա դուր չի գալիս, որովհետև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը նախկինում անցնում էր Իրանի տարածքով, և դա Իրանի համար նաև ինչ-որ առումով լծակ էր Ադրբեջանի դեմ։ Բնականաբար, Իրանը կցանկանար, որ այդ մենաշնորհն իր ձեռքում լիներ, որ Ադրբեջանը միայն իր տարածքով կարողանար կապվել Նախիջևանի հետ։ Այս դեպքում, երբ արդեն Հայաստանի տարածքով է անցնում «TRIPP» նախագիծը, Իրանը, փաստորեն, կորցնում է այդ կարևոր լծակը, նաև տնտեսական որոշակի վնասներ է կրում, և, բնականաբար, իրեն դուր չի գալիս «TRIPP» նախագիծը։
Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է Իրանի շահերով առաջնորդվենք․ մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք և Իրանին էլ հասկացնենք, որ սա ուղղված չէ Իրանի դեմ։ Այստեղ չի լինելու ամերիկյան ռազմական ներկայություն, որը մտահոգություն կարող է առաջացնել։ Իրանը վախենում է, որ կարող է ամերիկյան ռազմական ներկայություն լինել իր սահմանների մոտ, և մենք էլ պետք է փարատենք նրանց մտահոգություններն ու կասկածները։ Ամեն դեպքում, կարծում եմ, «TRIPP»-ը կիրագործվի, և նաև այս հարցում պետք է աշխատենք սերտորեն Իրանի հետ․ ինչո՞ւ չէ, նաև իրանական ընկերությունները կարող են շինաշխատանքներին մասնակցել՝ բարձր որակով աշխատանքներ կատարելու համար։
Լիլիթ Աբրահամյան
