ՏԿԵՆ-ը մտադիր է Պտղնու բնակիչների բարձրացրած հարցին լուծում տալ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Պտղնի գյուղի բնակիչ Դիանա Եղյանին հայտնել են, որ Մ-4 միջպետական մայրուղու (Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման) այն տեղամասը, որը նախատեսված չէ հետիոտնի անցման համար, սակայն տեղացիները տարիներ շարունակ հատում են՝ գյուղ հասնելու նպատակով (տես լուսանկարում), ընդգրկվել է «սեւ կետեր» ծրագրում։

Ճանապարհների «սեւ կետերը» այն վթարավտանգ տեղամասերն են, որոնք հայտնաբերվելուց հետո վերլուծության են ենթարկվում եւ բարելավվում:

Դ. Եղյանը Մ-4 մայրուղու վրա հետիոտնային անցման հարցը լուծելու համար օգոստոսի 3-ին դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Այս տարվա ապրիլին «Հետքը» գրել էր, որ Պտղնու ամառանոցային թաղամասի բնակիչները դիմել են պատկան մարմիններին ու խնդրել հետիոտնային թույլատրելի անցում ստեղծել Մ-4 մայրուղու վրա։ Բնակիչները «Հետքին» պատմել էին, որ իրենք ստիպված են լինում ամեն անգամ խախտել անվտանգության կանոնները՝ չթույլատրված տեղից անցնելով մայրուղին։

Պտղնի տանող ճանապարհն սկսվում է Մ-4 մայրուղու սկզբնամասի ոստիկանական հենակետի («ԳԱԻ-ի պոստ») մոտից։ Դրա հարեւանությամբ հետիոտնային անցում կա, եւ «կանչով» աշխատող լուսացույց է տեղադրված։ Սակայն Պտղնու ամառանոցային թաղամասն այս անցումից 3 կմ հեռու է, եւ տեղի բնակիչները ստիպված են լինում այդքան քայլել մայրուղու եզրով, մինչեւ հասնեն թաղամաս: Երկար քայլելու ամենաօպտիմալ այլընտրանքը դեպի Չարենցավան, Արգել եւ այդ ուղղությամբ մյուս բնակավայրեր գնացող հանրային տրանսպորտից օգտվելն է եւ վարորդին խնդրելը, որ չթույլատրված կանգառ կատարի Մ-4 մայրուղու վրա՝ ամառանոցային թաղամասի հատվածում։ Սակայն ամենավտանգավորը հենց մայրուղին անցնելն է։

Բնակիչները «Հետքին» փոխանցել էին, որ այս տարիներին դժբախտ պատահարներ են գրանցվել մայրուղին հատելիս, այդ թվում՝ մահվան ելքով։ Նրանց խնդրանք-պահանջն է թույլատրելի հետիոտնային անցում ստեղծել այս հատվածում: «Հետքի» հետ զրույցում նրանք շեշտել էին, որ հարցի լուծումը հրատապ է, եւ եթե այն չլուծվի, ապա իրենք պատրաստ են երկկողմանի փակել Մ-4 միջպետական մայրուղին:

Պտղնին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի կազմում է 2021 թվականից: Համաձայն Կոտայքի մարզպետի աշխատակազմի՝ գյուղն ունի 1833 բնակիչ։ Գյուղի գերեզմանոցից հյուսիս ընկած հատվածը նախկինում հայտնի էր որպես ամառանոցային թաղամաս, եւ մշտական բնակչությունն այստեղ շատ չէր։ Բայց ժամանակ ընթացքում գյուղն ընդլայնվել է դեպի հյուսիս, ավելացել են թե՛ տները, թե՛ մշտական բնակիչները։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ վերոնշյալ ճանապարհային տեղամասը ներառված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման ծրագրում (TAIEX)։ Առաջիկայում ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր, ապա մեկնակելու են նախագծային աշխատանքները։ Դրանք նախատեսված են գալիք սեպտեմբերին։ Խնդիրը տեղում ուսումնասիրելուց հետո արդեն պարզ կլինի, թե ինչպիսին է լինելու լուծումը։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment