ՀԷՑ-ը դատի է տվել 6 լրատվամիջոցի՝ ԱԺ ընտրությունների օրը հոսանքազրկումների մասին լուրերի համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ վեց լրատվամիջոցի՝ պահանջելով հերքել 2026թ. հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների օրը հրապարակված՝ հոսանքազրկումների վերաբերյալ տեղեկությունները: Ընկերությունը պահանջում է նաև փոխհատուցել գործարար համբավին հասցված ոչ նյութական վնասը՝ ընդհանուր 2 մլն 600 հազ. դրամ։

Հայցերից մեկը ներկայացվել է «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի դեմ։ Պատճառը 2026թ. հունիսի 7-ին՝ ժամը 22։30-ին, «Mamul.am» կայքում և լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ամբողջ Ավանում հոսանք չկա». Սուրեն Ներսիսյան» վերնագրով լուրն է։ Հրապարակման մեջ հղում անելով փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նշվել է, թե Ավան վարչական շրջանում էլեկտրաէներգիա չկա։ ՀԷՑ-ը պնդում է, որ սա զրպարտություն է, և դատարանից պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցին հերքում հրապարակել երկու հարթակներում էլ, ինչպես նաև բռնագանձել 500 հազ. դրամ։ Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, գործը քննում է դատավոր Մալվինա Հարությունյանը։

Մեկ այլ հայցով ՀԷՑ-ը դիմել է դատարան ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի։ Ընկերությունը պահանջում է հերքել «Aravot» լրատվականի ֆեյսբուքյան էջում նույն օրը հրապարակված երկու լուր։ Ժամը 20։43-ին տեղադրված «Համատարած հոսանքազրկումներ» վերնագրով նյութում նշվել է 10 ընտրատեղամասի հոսանքազրկման մասին, իսկ րոպեներ անց՝ 20։45-ին, «Նշված ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են» վերնագրով հրապարակման մեջ խոսվում է հոսանքազրկված ևս 7 տեղամասի մասին։ ՀԷՑ-ը պնդում է, որ այս տեղեկությունները ևս արատավորում են իր գործարար համբավը, և պահանջում է նույն էջում հրապարակային հերքում ու 500 հազար դրամի փոխհատուցում։ 

Այս գործը մակագրվել է դատավոր Մարիաննա Ստեփանյանին:

Նմանատիպ պահանջ էներգամատակարար ընկերությունը ներկայացրել է նաև «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ։ Վեճի առարկան «Hraparak.am» կայքում հունիսի 7-ին՝ ժամը 20։42-ին, հրապարակված «Համատարած հոսանքազրկումներ: Այս պահին հոսանքազրկված են 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 տեղամասերը» լուրն է։ ՀԷՑ-ը պահանջում է, որ լրատվամիջոցը նույն կայքում հերքի իրականությանը չհամապատասխանող լուրը և վճարի 100 հազար դրամ։ 

Հաջորդ հայցադիմումը ներկայացվել է «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի դեմ։ ՀԷՑ-ը պահանջում է պարտավորեցնել «Hayeli.am» լրատվականին իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքել 2026թ. հունիսի 7-ին՝ ժամը 20:45-ին, տարածած «Համատարած հոսանքազրկումներ․ այս պահին հոսանքազրկված են հետևյալ ընտրատեղամասերը՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44» տեղեկությունը։ Ընկերությունը պնդում է, որ այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և արատավորել է իր գործարար համբավը։ Բացի հերքումից, ՀԷՑ-ը «Հայելի ակումբ» ՀԿ-ից պահանջում է բռնագանձել 500 հազ. դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ 

Այս գործերի քննությունը գտնվում է դատավոր Աշոտ Հովհաննիսյանի վարույթում:

Հաջորդ հայցը «Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ի դեմ է։ Այս դեպքում դատական հայցի հիմք է դարձել Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, ժամը 20:27-ին, ֆեյսբուքյան էջում տեղադրված «Գյումրիում տեղամասեր են հոսանքազրկվել» հրապարակումը: ՀԷՑ-ը պահանջում է հերքում և 500 հազար դրամ փոխհատուցում: Այս գործը քննում է դատավոր Հովհաննես Ղազարյանը:

Եվս մեկ հայցադիմում ՀԷՑ-ը ներկայացրել է «Ալֆա Մեդիա Հաուզ» ՍՊԸ-ի դեմ։ Ընկերությունը պահանջում է դատարանից պարտավորեցնել «Alpha News» լրատվականին՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքել 2026թ. հունիսի 7-ին՝ ժամը 20:45-ին, տարածած «17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79, 11/8 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են, հայտնում են ԶԼՄ-ները» տեղեկությունը։ ՀԷՑ-ը պնդում է, որ սա զրպարտություն է, և բացի հերքումից, «Alpha News»-ից պահանջում է 500 հազ. դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Հայցը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին:

Նշենք, որ դատական նիստերի օրերի վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment